Դատախազությունը նշանակալի արդյունքներ է գրանցել Տավուշի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարում
2019 թվականի սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
Մասնավորապես, Տավուշի մարզի տարածքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, միջոցներ էին ձեռնարկվել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Նախատեսվել էր բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու առումով: Իսկ այնպիսի տարածքներում, որտեղ շատ են առանձնատները, որոշվել էր ուժեղացնել պարեկային ծառայությունը:
Պլանավորված միջոցառումների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարումից հետո՝ 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ անհրաժեշտ վայրերում գործարկվել է ընդհանուր 508 տեսախցիկ, որոնց մի մասը, տեղադրված լինելով նախկինում, սկսել են ծառայեցվել ոստիկանության ստորաբաժանումների կողմից, իսկ մյուս մասը տեղադրվել են մասնավոր սուբյեկտների կողմից՝ ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ:
Մասնավորապես 2019թ. ընթացքում Դիլիջան քաղաքում տեղադրվել է 36 տեսախցիկ, Բերդում՝ 19, Նոյեմբերյանում՝ 40, Իջևանում՝ 96:
Բացի այդ, Իջևան քաղաքում հատկանշական 13 տեղում ոստիկանության կողմից տեղադրվել է ևս 19 տեսախցիկ, կազմվել 1 միասնական ցանց՝ կառավարման կենտրոնով, որով հսկողությունն իրականացվում է ուղիղ կապի միջոցով:
Որպես արդյունք՝ 2018-2019թթ. 9 ամիսների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի բացահայտման առումով արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես, եթե 2018թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների 17 դեպքից բացահայտվել է 4-ը կամ 23.5 տոկոսը, ապա 2019թ. արձանագրվել է 15 դեպք, որից բացահայտվել է 10-ը կամ 66.6 տոկոսը: Փաստացի նախորդ տարվա համեմատ դեպքերի քանակը նվազել է 2-ով, իսկ բացահայտման ցուցանիշը բարելավվել 43,2%-ով:
Ընդ որում, մի քանի դեպքով առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը հնարավորություն է ստացել տաք հետքերով հայտնաբերելու հանցանք կատարած անձանց:
Նշված ոլորտում աշխատանքները շարունակվում են: Համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ: