«Գնդակին դիպուկ հարվածելու հմտությունը և մի քանի միլիոն եվրո բյուջե ունեցող կազմակերպության ղեկավարումն իրար հետ որևէ կապ չունեն». Նիկոլայ Պետրոսյան
Ռուսաստանում հայտնի սպորտային մենեջեր, մեկնաբան, նախկինում ՌԴ թիվ 1 մարզական մեդիայի՝ championat.com նորությունների ծառայության գլխավոր խմբագիր, Adidas-ի ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրեն, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրեն, ներկայումս՝ Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Պետրոսյանի հետ 168.am-ը զրուցել է հայկական ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից:
«Սպորտը, ֆուտբոլը միշտ էլ քաղաքականացված են բոլոր երկրներում»
– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական ֆուտբոլը վերջերս առհասարակ քաոսային իրավիճակում է գտնվում, ենթադրում եմ, որ բազմաթիվ ուժեր կփորձեն իրենց թեկնածուներին առաջադրել, քանի որ առայժմ հստակ վեկտոր չկա: Որքան հիշում եմ, հայկական ֆուտբոլի պատմության մեջ ալտերնատիվ ընտրություններ երբեք չեն անցկացվել. եղել է մի թեկնածու, և հենց նա էլ հաղթել է: Հիմա ստացվում է, որ հնարավոր է՝ դեմոկրատիկ պրոցեսներ տեղի ունենան, որովհետև ֆավորիտ չկա: Միգուցեև լավ կլինի, եթե այդպես լինի, որովհետև քննարկումների արդյունքում կարող են և ուշագրավ գաղափարներ ի հայտ գալ, եթե թեկնածուները հասցնեն ծրագրեր ներկայացնել, մարզական մամուլն իրեն դրսևորի պրոֆեսիոնալ կերպով, որովհետև մարզական մամուլն այսօր Հայաստանում համապատասխանում է ազգային ֆուտբոլի մակարդակին:
– Հնարավո՞ր է, որ ՀՖՖ նախագահի ընտրությունն անհարկի քաղաքականացվի:
– Սպորտը, ֆուտբոլը միշտ էլ քաղաքականացված են բոլոր երկրներում, և Հայաստանը հազիվ թե կարողանա այլ ուղի ընտրել: Սակայն, մյուս կողմից, Հայաստանում այնքան պրոբլեմներ կան, որ ես կարծում եմ՝ դրանց ցանկում ՀՖՖ նախագահի ընտրությունը պետք է վերջին տեղում լինի, հատկապես, որքան ինձ հայտնի է, պետական մեծ փողեր չեն ծախսվում ֆուտբոլում: Սա չի նշանակում, որ պետք է աչքներս փակենք ցանկացած կոռուպցիոն ռիսկ տեսնելով, բայց երկրի անվտանգային, առողջապահական, գիտության, կրթության, սոցիալական պրոբլեմներն այնքան շատ են, որ հազիվ թե հիմա որևէ քաղաքական ուժ փորձի միջամտել, իսկ եթե դա անեն, ապա մուլտիպլիկատորի էֆեկտ կունենա այս իրավիճակում: Այնպես որ, լավ կլիներ՝ զերծ մնային:
«Արդյո՞ք հայկական ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանից հետո ինչ-որ առաջընթաց գրանցել է այս վերջին 15 ամիսների ընթացքում»
– Հնարավո՞ր է, որ այս գործկոմը շարունակի պաշտոնավարել:
– Միգուցեև ընթացակարգերը թույլ տան պաշտոնավարել, բայց արդյո՞ք նա այդ ներուժն ունի՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է այսօր հայկական ֆուտբոլում: Ես չեմ խոսում Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտության մասին: Իտալիան հիմա շատ ուժեղ է, Հայաստանն էլ այդ խաղում հանդես էր գալիս առանց իր մի շարք առանցքային ֆուտբոլիստների և, առաջին հերթին, առանց Հենրիխ Մխիթարյանի: Այդ պարտությունը սոսկ այդ փազլի կտորն է, և չմոռանանք, որ երիտասարդական հավաքականն է պարտվում թենիսային հաշիվներով, ասենք, Իսլանդիայի պես երկրին:
Ցավոք, հայկական ֆուտբոլում ոչինչ չի փոխվում: Ավելին, այս 1.5 տարվա մեջ փոխվել է դեպի վատը, որովհետև նախկինում գոնե գիտեինք, որ դա մի մարդու կազմակերպություն է, լավ թե վատ: Անթերի մարդ չկա, և յուրաքանչյուրը՝ հատկապես ղեկավար պաշտոնում, կարող է սխալներ թույլ տալ: Կարևորն այն է, որ ճիշտ ու սխալ որոշումների համամասնությունը գերիշխող լինի ճշտի օգտին: Նախկինում բոլորը գիտեին, որ հայկական ֆուտբոլում ամեն բան մեկ մարդ է որոշում, այն դիտարկում է՝ որպես իր սեփական տարածք: Նա հայկական ֆուտբոլի զարգացման մասին իր պատկերացումներով տնօրինում էր այդ ոլորտը: Կային որոշակի արդյունքներ, կար առաջընթաց, կային սխալներ, պարտություններ, բայց գոնե վեկտորը կար, և բոլորը հասկանում էին, թե ուր է գնում հայկական ֆուտբոլը:
– Խոսքն ո՞ւմ և ո՞ր ժամանակների մասին է:
– Խոսքը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահության ժամանակների մասին է: Պարզ է, որ առանձնապես բարձունքների չէինք հասել, բայց գոնե քայլ առ քայլ ինչ-որ բաներ արվում էին, իսկ հիմա, եկեք համեմատենք. արդյո՞ք հայկական ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանից հետո ինչ-որ առաջընթաց գրանցել է այս վերջին 15 ամիսների ընթացքում: Հազիվ թե, չի նկատվում, հատկապես, եթե բաց թողնենք ակումբների գրանցած արդյունքները, քանի որ դա մասնավոր բիզնես է: Մենք խոսում ենք զուտ ֆեդերացիայի ու նրա գործառույթների մասին:
– Ա՞յս գործկոմն էր ավելի քաղաքականացված, թե՞ նախորդը:
– Հեռվից երևի դժվար է ասելը, բայց որ առհասարակ հայկական ֆուտբոլը պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտ ունի, դա փաստ է: Եթե իրենք իրենց զբաղեցրած պաշտոնին չեն համապատասխանում իրենց պրոֆեսիոնալ հմտություններով, ապա այդ իրավիճակը նրանք ավելի կվատթարացնեն՝ նաև քաղաքականացնելով: Սա էլ ողբերգության մյուս մասն է: Դրա համար ես գործկոմի կազմը կգնահատեի՝ ըստ իրենց պրոֆեսիոնալ ունակությունների:
«Նրանք «խոպանչի» են, Հայաստան գալիս են փողեր ստանալու, որովհետև իրենք Հայաստանը գիտեն սոսկ որպես մի երկիր, ուր կա էժան ուտելիք ու բարձր որակի կոնյակ»
– Ի՞նչ պետք է անել ֆուտբոլային ակումբների տերերին ՀՖՖ գործերին միջամտելուց հեռու պահելու համար, և ինչո՞վ է այդ միջամտությունը վտանգավոր:
– Վտանգավոր է, որովհետև հայկական ակումբային ֆուտբոլի բիզնես մոդելը շատ պրիմիտիվ է, բայց էլի լավ է, որ կա: Բնական է, չենք կարող լինել աշխարհի առաջատար առաջնությունների ակումբների նման, որ բազմաթիվ հոդվածներ ունենանք: Մենք ունենք երկու հոդված: Մեկը եվրագավաթներին մասնակցությունն ու հնարավորինս առաջ գնալն է, մյուսը՝ էժան ֆուտբոլիստ ձեռք բերելն ու ավելի թանկ գնով վաճառելը: Այս երկու հիմնական եկամտի աղբյուրները չեն ենթադրում երկարատև ստրատեգիա: Հայկական ֆուտբոլին այս բիզնես մոդելը ոչինչ չի տալիս, ոչ օգնում է, ոչ խանգարում: Ոչ մի հեռանկարային պլան նրանք չունեն, հետևաբար՝ այդ մարդիկ թող իրենց բիզնեսով զբաղվեն, բայց արդյո՞ք նրանք պետք է որոշումներ կայացնեն հայկական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ, որովհետև իրենք միշտ բարձր են դասելու սեփական շահերը: Բացի դրանից, ֆուտբոլային ակումբների ղեկավարները, լավ կլինի, մտածեն, թե իրենց ակումբներում ինչ է կատարվում: Այն քաոսը, որ գոյություն ունի իրենց կոմերցիոն կազմակերպություններում, ահավոր դրսևորումներ է ստանում: Մարզիչների անընդհատ փոփոխությունը, որ, օրինակ, ֆուտբոլիստներին Ռուսաստանից բերում են, ովքեր այստեղ պրոֆեսիոնալ էլ չեն, 2-րդ լիգայի ֆուտբոլիստներ են, մարդկանց, ովքեր նրանց բերում են…. Նրանք «խոպանչի» են, Հայաստան գալիս են փողեր ստանալու, որովհետև իրենք Հայաստանը գիտեն սոսկ որպես մի երկիր, ուր կա էժան ուտելիք ու բարձր որակի կոնյակ: Եվ ամենակարևորը, որ ֆուտբոլային ակումբները չունեն, իրենց լսարանն է: Ո՞ւմ համար են նրանք խաղում:
«Լավ կլինի, որ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանն իրենց մեջ ուժ գտնեն ճշմարտության աչքերի մեջ նայելու և ընդունեն, որ ֆուտբոլային մենեջմենթն իրենցը չի»
– Բավարարո՞ւմ է Ձեզ արդյոք ՀՖՖ նախագահի տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գործունեությունը: Պե՞տք է նրանք արդյոք շարունակեն պաշտոնավարել հայկական ֆուտբոլում:
– Ես առհասարակ շատ քիչ մարդկանց եմ անձամբ ճանաչում հայկական ֆուտբոլում, բայց Արմեններից յուրաքանչյուրի հետ մի երկու անգամ շփվել եմ ու կարող եմ ասել, որ որպես լրագրողներ՝ այն ժամանակ Հայաստանի ստանդարտների համար բարձր ստանդարտների լրագրողներ էին: Բայց դա արդյո՞ք նշանակում է, որ այս մարդիկ կարող էին ղեկավար պաշտոններով զբաղվել մի կազմակերպության, որն ունի մի քանի միլիոն եվրոյի բյուջե, չգիտեմ, կասկածում եմ: Կարող է՝ իրենք իրենց որակավորումները բարձրացրել են՝ մենեջմենթի, ֆինանսական մենեջմենթի, մարքետինգի հատուկ կուրսերի գնալով, բայց արդյունք կա՞: Սպորտում արդյունքը գլխավորն է: Ֆուտբոլային բուրգի բոլոր մակարդակներում մենք արդյունքների անկում ենք տեսնում:
Մենք այդպես էլ չհասկացանք պատասխանը, թե իսպանացի թոշակառու Մելենդեսն ի՞նչ նպատակով հրավիրվեց, ի՞նչ գումարներով հրավիրվեց, այդ գումարների գոյացման աղբյուրները որո՞նք են, ո՞վ էր նախաձեռնողը, և ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ մարդու արդյունքների կամ արդյունքների բացակայության համար: Եթե այս բոլոր հարցերին պատասխան չկա, երևի թե մենք կարող ենք ակնկալել, որ տվյալ անձինք պատասխանատվությունն իրենց վրա կվերցնեն, որովհետև ֆուտբոլում, սպորտում կամ ցանկացած այլ ոլորտում եթե ղեկավարն արդյունք չի ապահովում, ինքն իր տեղը զիջում է մեկ ուրիշի: Արթուր Վանեցյանն իր մեջ գտավ ուժ, որ ընդունի՝ իր մոտ չստացվեց: Պետք է ընդունեն, որ կոնկրետ այս հարցում իրենց մոտ չստացվեց: Լավ կլինի, որ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանն իրենց մեջ ուժ գտնեն ճշմարտության աչքերի մեջ նայելու և ընդունեն, որ ֆուտբոլային մենեջմենթն իրենցը չի: Դա չի նշանակում, որ իրենք ֆուտբոլից պետք է հեռանան: Թող զբաղվեն նրանով, ինչով զբաղվում էին, կամ մեկ այլ բանով, ուր կհաջողեն: Իսկ նման մեծ բյուջե ունեցող կազմակերպությունը թող ուրիշները ղեկավարեն:
«Սպորտային մենեջեր դառնալու համար տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գոլը ոչ մի կապ չունի»
– Անցյալի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ՀՖՖ նախագահ դառնալու հայտ է ներկայացրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Ի՞նչ կարող է նա անել մեր ֆուտբոլը զարգացնելու համար:
– Երևի թե պետք է ելնենք այն հանգամանքից, թե ՀՖՖ նախագահի թեկնածուն ունի՞ արդյոք մենեջմենթի ունակություններ: Ամենատարածված կարծրատիպն է, որ ֆուտբոլը պետք է տնօրինեն «ֆուտբոլից հասկացող» մարդիկ: «Հասկացող» ասելով՝ մենք նկատի ունենք մարդկանց, ովքեր մանկությունից զբաղվում են ֆուտբոլով, ապա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ են դարձել, բայց գնդակին դիպուկ հարվածելու հմտությունը և մի քանի միլիոն եվրո բյուջե ունեցող կազմակերպության ղեկավարումն իրար հետ որևէ կապ չունեն: Եթե Խորեն Հովհաննիսյանը կամ ցանկացած այլ անվանի վետերան ունի մարքետինգի ու ֆինանսական կառավարման հմտություններ, ժամանակակից ֆուտբոլի՝ որպես բիզնես ոլորտի կառավարման հմտություններ, կամ հասկանում է՝ ոնց է գործում այս բիզնեսը, կապ չունի՝ 30 տարի առաջ ինքը կրունկով գոլ խփե՞լ է, թե՞ ոչ: Սպորտային մենեջեր դառնալու համար տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գոլը ոչ մի կապ չունի: Եթե մարդը չունի նշածս հմտությունները, ինձ թվում է, որ որևէ մեկը չպիտի թույլ տա իրեն մասնակցել ընտրություններին, որովհետև նորից կմնանք այս գավառական մակարդակում: Իսկ մենք լրջորեն հետ ենք մնացել նույնիսկ եվրոպական միջին երկրներից:
Եթե ֆեդերացիայի ամենամեծ պրոբլեմը 2019թ. մի քանի զույգ լավ խաղակոշիկներ ճարելն է, ուրեմն մեզ պետք է մի մարդ, որը տա ոչ թե իրավիճակային, միանգամյա լուծում, այլ այնպիսի լուծում, որ այդ հարցն այլևս երբեք չբարձրացվի:
– Կա՞ մարդ, ում Դուք տեսնում եք՝ որպես ՀՖՖ նախագահ, ով պրոֆեսիոնալ կերպով կղեկավարի կառույցը: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր պետք է լինեն նոր գործկոմում: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ: Ո՞ւմ ներկայությունն է անհրաժեշտ:
– Ես ուտոպիստական մի առաջարկ ներկայացնեմ: Իդեալական կլիներ ՀՖՖ նախագահ ընտրել մի անձնավորության, ով նախ հարգված կլիներ՝ ոչ միայն հայկական ֆուտբոլի ոլորտում, այլ՝ առհասարակ Հայաստանում: Անպայման չի՝ ունենար մեծ հմտություններ կոնկրետ ֆուտբոլում, կարողանար համախմբել բոլոր ուժերը, բայց լիներ նոմինալ, իսկ այ, գործկոմը համալրել է պետք լուրջ պրոֆեսիոնալներով: Անուններ ես չեմ տա, բայց ես կառաջարկեի պայմանագիր կնքել միջազգային կադրային գործակալությունների հետ, ներկայացնել տեսլականներ ու ստանալ կադրեր: Եվ անկախ ազգությունից ու նույնիսկ քաղաքացիությունից՝ թող այդ գործակալությունն ընտրի ու առաջարկի համապատասխան մենեջերներ: Նրանց տալ ժամանակ, ասել՝ որոնք են խնդիրներն ու գործիքակազմը, և թողնել, որ աշխատեն: Այսօրվա դրությամբ ֆուտբոլը մենք դիտարկում ենք՝ որպես սպորտ, ուր ազգի պատիվը պետք է պաշտպանել, բայց ուրիշ երկրներում սպորտը վաղուց դարձել է զվարճանքների ինդուստրիայի բաղադրիչ մասը, այսինքն՝ պետք է մտածել՝ ինչպե՞ս անել, որ վճարունակ քաղաքացին իր հանգստյան օրը զբոսանքի գնալու, առևտրի կենտրոնում ժամանակ անցկացնելու, կինո, թատրոն թե ֆուտբոլային խաղ դիտելու մեջ ընտրի վերջինը:
Եվ մեկ հարց էլ. ինչի՞ մենք արդեն 25 տարի հույս ունենք, որ պիտի գա արտասահմանցի ֆուտբոլային մեծ մարզիչ ու մեզ ֆուտբոլ խաղալ սովորեցնի, ու միևնույն ժամանակ՝ մեր ֆուտբոլի մենեջմենթը միշտ իրականացնում են ներքին կադրերը: Միգուցե տեղերով փոխե՞նք, հենց մենեջմե՞նթը վստահենք արտասահմանցիներին, ինչի՞ ենք մենք հենց զուտ ֆուտբոլը պատրաստ վստահել, իսկ մենեջմենթը, ուր կա շահերի բախում, կոռուպցիոն ռիսկեր, բյուջեների յուրացում, դա մենք արտասահմանցիներին չենք ուզում տալ:
«Մեր ֆուտբոլը «Բանգլադեշում» մեկ սենյականոց բնակարան է»
– Ձեր տպավորությամբ՝ բարոյահոգեբանական մթնոլորտը հավաքականում ինչպիսի՞ն է: Հավաքականի գլխավոր մարզչի՝ խայտառակ պարտությունից հետո հետխաղյա ասուլիսում հնչեցրած միտքը, թե՝ այստեղ ազգային հավաքական չկար, կար լոկ հավաքական, միանշանակ չընդունվեց, այդ թվում՝ ֆուտբոլիստների կողմից:
– Ես աշխարհահռչակ մարզիչ Ժոզե Մոուրինիոյի երկրպագուն չեմ՝ որպես կերպարի, բայց փաստը մնում է փաստ, որ իր համար ֆուտբոլիստների մեծ մասը պատրաստ են խաղադաշտում մեռնել: Նա երբեք թույլ չի տվել հրապարակայնորեն փնովել կամ մեղադրել իր ֆուտբոլիստներին: Իր ֆուտբոլիստները միշտ լավն են: Ես չեմ ակնկալում, որ տակտիկական առումով մենք կարող ենք Ժոզե Մոուրինիո ունենալ, բայց որպես հոգեբան՝ դժվար չէ լինել այդպիսին: Ես իմ նախագծում իմ ենթակայության տակ ունեմ 40 աշխատողներ, և նրանց բոլորի խնդիրն իմ խնդիրն է: Մենք մեդիա ենք, և, իհարկե, որոշ խնդիրների հետ կապված՝ ներքին խոսակցություններ կարող ենք ունենալ, բայց արտաքին աշխարհի համար իմ լրագրողները, մենեջերները, IT մասնագետներն ամենալավն են:
Երևի թե չարժեր ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասին նման կերպ արտահայտվել: Բոլորս պետք է ազգային հավաքականի կողքին լինենք, ոչ թե միայն՝ երբ հաղթում են: Մենք պետք է այդ մտածելակերպը փոխենք ու վարվենք խորվաթների պես: Նրանք ասում են՝ մենք աշխարհում 5 միլիոն ենք, ու 11 ֆուտբոլիստներով խաղադաշտում պատրաստ ենք մեռնել մնացած 5 միլիոնի համար: Դրա համար էլ խորվաթական ֆուտբոլն այդքան լուրջ արդյունքներ է գրանցել: Եղել են և նվաճումներ, և անկումներ, բայց միևնույն է, խորվաթ ժողովուրդը շարունակում է այդ 11 ֆուտբոլիստներին սիրել: Մենք էլ պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր հավաքականի նկատմամբ: Ֆուտբոլիստները պետք է 100 տոկոսով նվիրվեն իրենց գործին, երկրպագուներն էլ լինեն նրանց կողքին, թե ի՞նչ կստացվի, կլոր գնդակն ո՞ւր կթռչի, արդեն երկրորդական է: Եթե մենք այդտեղից սկսենք, լրիվ այլ կլինի մթնոլորտը:
Մենք չպետք է ոտք մեկնենք իսպանական կամ իտալական ֆուտբոլի հետ: Մեր ֆուտբոլը «Բանգլադեշում» մեկ սենյականոց բնակարան է: Չէ՞ որ, երբ մենք «Բանգլադեշում» մեկ սենյականոց բնակարան ենք գնում, վերանորոգման համար բրիտանական դիզայնի դպրոցի էքսպերտներին չենք հրավիրում: Բայց կարելի է այնպես անել, որ այդ մեկ սենյականոցն էլ արժեք ներկայացնի, բայց չի դառնում, որովհետև դառնում է նեգատիվ ինֆորմացիաների աղբյուր:
«Քանի դեռ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականում է, նա միշտ պետք է կրի թիմի ավագի թևկապը»
– Նույն այդ պարտությունից հետո ՀՖՖ հ/կ-ներից մեկի ղեկավար, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որը հետո, իհարկե, հեռացրել էր, ուր հավաքականի պարտության պատճառների մեջ նշել էր նաև թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի անունը՝ առաջարկելով նրանից վերցնել ավագի թևկապը:
– Սկսենք նրանից, որ սկսած դեռ նախորդ դարի 80-ականներից, բացի կոնսպիրոլոգիայից, մեղավորներ փհտրելուց ու վհուկների որսից, հայկական ֆուտբոլում ոչ մի ուրիշ բան չեմ տեսել: Հենրիխ Մխիթարյանը հայ ազգի պարծանքն է: Հիմա նրա կարիերայի լավագույն ժամանակահատվածը չէ, իհարկե, բայց իր կարիերայի լավագույն ժամանակներում նա հայ ազգի դեսպանն էր, որից բրիտանական Guardian-ի պես թերթը, գերմանական մամուլը հարցազրույց էին երազում վերցնել:
Նրա ինստագրամյան յուրաքանչյուր գրառում, օրինակ, Ցեղասպանության մասին՝ այնքան դիտողականություն է ունենում, որ որևէ մեկի պարագայում պատկերացնել հնարավոր չէ: Ընդ որում, նրա հետևորդների շատ քիչ մասն է հայ:
Ադրբեջանի Socar-ը հսկայական գումարներ է ծախսում լոբբինգի վրա, Հենրիխ Մխիթարյանը միայնակ ու առանց որևէ ռեսուրսի՝ ազգը և երկիրը ճանաչելի է դարձնում աշխարհում:
Լավ է արել, որ հեռացրել է իր գրառումը, բայց պետք չէ երախտամոռ լինել: Քանի դեռ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականում է, նա միշտ պետք է կրի թիմի ավագի թևկապը:
Գոհար Սավզյան