Սկսվել է ցուցանիշների վերանայումը
Վիճակագրական կոմիտեն կարծես ամեն ինչ անում է արդարացնելու կառավարության ու վարչապետի վստահությունը։ Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը։
Նախկինում հրապարակված ցուցանիշները վերանայվել են բացառապես աճի ուղղությամբ։ Տպավորություն է, որ Վիճակագրական կոմիտեն պատրաստվում է ի կատար ածել վարչապետի խոստացած տնտեսական թռիչքը։ Իսկ եթե չստացվի, գոնե այնպես անել, որ հետևում մնա իշխանափոխությանը նախորդած տարում նախկին «հանցավոր» ռեժիմի ապահոված բարձր տնտեսական աճը։ Խոսքը 2017թ. գրանցված ՀՆԱ 7,5 տոկոս աճի մասին է։
Էլ ինչ տնտեսական հեղափոխություն, եթե տնտեսական աճը պիտի պակաս լինի «հակաժողովրդական» իշխանությունների գրանցած ցուցանիշից։ Ու հիմա վիճակագրական կոմիտեն կարծես լծվել է այդ հույժ կարևոր խնդրի իրագործմանը։
Հրապարակվել են այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական աճի նախնական ցուցանիշները։ Սա այս տարվա երրորդ հրապարակումն է։ Նախորդ հրապարակումները վերաբերում էին առաջին և երկրորդ եռամսյակներին։ Ըստ այդմ, առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել էր 7,1 տոկոս ՀՆԱ աճ։ Երկրորդ եռամսյակի աճը կազմել էր 6,5 տոկոս։ Սրանք ի սկզբանե հրապարակված ցուցանիշներն են։
Նոր հրապարակման մեջ Վիճակագրական կոմիտեն վերանայել է այդ ցուցանիշները։ Ու այնպես է ստացվել, որ դրանք հիմա անհամեմատ ավելի բարձր են։
Առաջին եռամսյակի ՀՆԱ 7,1 տոկոս աճն այժմ արդեն դարձել է 7,5 տոկոս։ Այսինքն` ավելացել է 0,4 կետով։
Առաջին եռամսյակի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն մեկ անգամ արդեն ճշգրտել էր` 7,1-ից դարձնելով 7,2 տոկոս։ Բայց հավանաբար համարել է, որ դա բավարար չէ Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքային աճը կյանքի կոչելու համար։ Ուստի որոշել է կրկին ճշգրտել, այս անգամ՝ 0,3 կետով։ Արդյունքում` վեց ամսվա ընթացքում առաջին եռամսյակի տնտեսական աճն ինքնահոսով բավականաչափ ավելացել է։
Հնարավոր է, որ սա էլ վերջը չէ։ Տարեկան ցուցանիշների ամփոփման համար դեռևս մեկ եռամսյակ կա, և չի բացառվում, որ այս միտումն առաջիկայում էլ շարունակվի։
Վերանայվել է նաև երկրորդ եռամսյակի ցուցանիշը։ Նախկին 6,5-ից այն դարձել է 6,9 տոկոս։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ ճշգրտումը դարձյալ կազմել է 0,4 կետ։
Առաջին երկու եռամսյակների ՀՆԱ աճի ցուցանիշները բարձրացնելուց հետո` արդեն երրորդ եռամսյակի համար Վիճակագրական կոմիտեն միանգամից այնպիսի ցուցանիշ է ամրագրել, որ հետագայում ճշգրտելու անհրաժեշտություն այլևս չլինի։ Ըստ այդմ, երրորդ եռամսյակի տնտեսական աճը Հայաստանում հասել է ընդհուպ 7,9 տոկոսի։
Սա՝ ոչ միայն այս տարվա, այլև հեղափոխական իշխանության երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշն է։ Դրանով և նախորդ երկու եռամսյակների աճի ցուցանիշների վերանայումներից հետո արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծվել 2017թ. տնտեսական աճը գերազանցելու համար։ Ստացվում է, որ տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանում ՀՆԱ աճն այլևս հասել է 7,4 տոկոսի։ Չնայած սա նախնական տվյալ է և դեռ կարող է փոխվել։
Ոչինչ, որ տնտեսական աճը շարունակում է որակ չունենալ։ Այն նստած է հիմնականում առևտրի և ծառայությունների վրա։ Առաջին եռամսյակում գրանցված 7,5 տոկոս տնտեսական աճի մեջ 6,2 տոկոսը եղել է առևտրի և ծառայությունների բաժինը։ Երկրորդ եռամսյակում այն կազմել է՝ 5,3, երրորդում` գրեթե 5 տոկոս։
Արդյունաբերությունը տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական աճին մասնակցել է ընդամենը 1,4 տոկոսով։ Դա էլ արտահայտվել է հիմնականում վերջին երկու եռամսյակների ընթացքում։ Եթե առաջինում արդյունաբերությունը ՀՆԱ աճին նպաստել էր՝ շուրջ 0,2, ապա երկրորդում` 1,8, իսկ երրորդում` 2,2 տոկոսային կետով։ Վերջին ամիսների ակտիվությունը պայմանավորվել է հիմնականում հանքարդյունաբերության մեջ տեղի ունեցած պրոցեսներով։ Թեղուտի վերագործարկումից հետո հանքարդյունաբերությունը սկսեց թափ հավաքել։ Տնտեսության այդ ճյուղի ցուցանիշներն էապես առաջ են անցել՝ ինչպես ամբողջ, այնպես էլ՝ վերամշակող արդյունաբերության ցուցանիշներից։
Տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ հանքարդյունաբերության աճը կազմել է 19,5 տոկոս` նպաստելով ՀՆԱ աճի մեջ արդյունաբերության դերի բարձրացմանը։
Տնտեսության մյուս ճյուղերը չնչին մասնակցություն ունեն տնտեսական աճի գործում։ Շինարարությունն առաջին եռամսյակում ՀՆԱ աճի վրա ունեցել է՝ 0,3 տոկոս, երկրորդ եռամսյակում` գրեթե զրոյական, երրորդում՝ դարձյալ 03-0,4 տոկոս ազդեցություն։
Գյուղատնտեսության դերը նույնիսկ բացասական է։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ տնտեսության այդ ճյուղի զարգացումները տարվա ընթացքում եղել են անկումային։ Չնայած գյուղատնտեսությունը համարվում է կառավարության հայտարարած գերակա ճյուղերից մեկը, այնուհանդերձ դա ոչ մի կերպ առայժմ չի երևում։ Ինն ամիսների տվյալներով՝ ոլորտում արձանագրվել է արտադրության ծավալների 4,3 տոկոսանոց անկում։
Ահա սա է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը։ Մինչ իրական հատվածում զարգացումները չափազանց ցածր են` աճը հիմնված է հիմնականում առևտրի և ծառայությունների վրա։ Այնինչ` առևտրի և ծառայությունների վրա տնտեսություն չեն կառուցում։ Այդ աճը երկար չի դիմանա։ Պատահական չէ, որ արդեն հաջորդ տարվա սպասումները շատ ավելի համեստ են։
Կառավարությունն ի վերջո պետք է գիտակցի, որ Հայաստանին որակյալ և, առաջին հերթին՝ տնտեսության իրական հատվածի վրա հիմնված աճ է անհրաժեշտ։ Այլապես այսպիսի, անգամ երկնիշ աճով, հեռուն չենք գնա, ոչ էլ հասարակության վիճակը կլավանա։ Ուստի, առկա անորակ աճով հպարտանալու փոխարեն՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել տնտեսության իրական հատվածում երկարաժամկետ ու կայուն աճի ապահովման հիմքեր ստեղծելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ