««Սոցիալական շարժումը» քաղաքական ենթատեքստ չունի». Վահրամ Մկրտչյան

Կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը համաձայնել է դառնալ «Սոցիալական շարժում» խմբի անդամ, քանի որ, նրա կարծիքով՝ այդ շարժումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի և զբաղվելու է բացառապես սոցիալական խնդիրներով։

«Կարծում եմ՝ այսօր Հայաստանում կան բազմաթիվ տարերային սոցիալական խնդիրներ, տարբեր շահագրգիռ խմբեր իրենց հարցերը բարձրացնելով՝ կարողանալու են կազմակերպել որոշակի գործընթացներ։ Մենք այս շարժումը նախաձեռնել ենք, որպեսզի այդ գործընթացներն ավելի ընդգրկուն դառնան։ Ըստ իս՝ այս գործընթացում մենք չունենք հակառակորդներ, որովհետև բոլորը բարեկամներ են՝ և՛ իշխանությունը և՛ մասնավոր հատվածը, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ կառույց, որը դեմ կարող է լինել, որ հայ ժողովուրդն ապրի բարեկեցիկ պայմաններում»,- այսօր «Սոցիալական շարժման» հիմնադրման համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը։

Նրա խոսքով, եթե գործընթացում որևէ դուռ փակվի, ապա համատեղ բռունցքով կկարողանան այդ դռները բացել։
Նա համոզված է, որ համատեղ կկարողանան լուծել երկրում առկա բոլոր սոցիալական խնդիրները, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի, այն դանդաղ գործընթաց է, և պետությունն այդքան միջոցներ չունի։

«Մենք փետրվարին նախատեսել ենք, որ Մարզահամերգային համալիրում կանցկացնենք համաժողով՝ բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, որտեղ ցույց կտանք ավելի կազմակերպված ու մեծ հնարավորություններ։ Մենք բաց ենք բոլորի առաջ, և ցանկացած անհատ ու կազմակերպություն կարող է անդամակցել այս շարժմանը»,- եզրափակեց Վահրամ Մկրտչյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս