
Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդպիսի համոզմունք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում:
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման համար, որպեսզի շրջաններում մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանք: Այդ կապակցությամբ մենք Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք ենք իրականացնում կոնկրետ շրջաններում գործընթացը համակարգելու համար: Ռուսաստանի հետ քննարկում ենք մի քանի դիտորդական կետեր հիմնելու հարցը: Առաջիկա օրերին կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ ուղղությամբ»,-նշել է նա: