«Ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ կապ չունեն». Դատախազ Գևորգ Բաղդասարյան
«Ցավում եմ, որ բացարկի վերաբերյալ շատ խոսել հնարավոր չէ, որովհետև ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն»,- այս մասին դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեղադրող փաստաբաններից Գևորգ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ պաշտպանական կողմը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն հայտնելիս, պարզապես բացարկի ինստիտուտին չառնչվող փաստարկներ է ներկայացրել:
«Զարմացած եմ, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների ներկայացումը զարմանալի է պաշտպանական կողմի համար: Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների շուրջ մենք պետք է դատական նիստի ընթացքում խոսենք»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ հավելելով, թե կարծում է՝ դատարանը պետք է մերժի պաշտպանների՝ մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն նախորդ դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանն ընդունել է քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Այսօրվա դատական նիստում դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ենրկայացրեց նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ