Սեյրան Օհանյանի փաստաբանը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց

«Դատախազ Պետրոս Պետրոսյանն արդարացնող ապացույցները թաքցնելով և դատարան չբերելով՝ թույլ է տվել կոպտագույն խախտումներ, հետևաբար՝ անկողմնակալ չէ»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելիս՝ ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Դեռ ամիսներ առաջ ես միջնորդել էի Մարտի 1-ի ընդհանուր գործի միջից դուրս բերել զանգվածային անկարգությունների լինելիությունը փաստող ապացույցները և այն  ներառել այս գործի մեջ, քանի որ դրանք արդարացնող ցուցմունքներ էին: Բայց  քննիչը մերժել է միջնորդությունը: Քննիչի բողոքը բողոքարկել են գլխավոր դատախազին, բայց դատախազությունը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանի ղեկավարությամբ, մերժել է բողոքը»,- միջնորդության հիմքերի մասին խոսելիս՝ դատարանին այս փաստարկները ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն նախորդ  դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանը ընդունել է  քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս