Քոչարյանի փաստաբանը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:
Ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը՝ ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։
Իսկ ի՞նչ կապ ունեն քննիչի գործողությունները դատախազի հետ:
Փաստաբանն ասաց, որ դատախազն անտեսել է քննիչի թույլ տված խախտումները և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։
Պաշտպանի խոսքով, դատախազ Պետրոսյանը թույլ է տվել քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունք, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Ըստ Խուդոյանի՝ քննիչի գործողությունների ուղիղ հետևողն ու պատասխանատուն դատախազն է: Խուդոյանն ասաց, որ եղել են մի քանի դատախազներ, բայց իրենք բացարկի միջնորդություն են ներկայացնում Պետրոս Պետրոսյանի դեպքում, քանի որ իր նշած խախտումներով քննիչի գործողությունների հիմնական վերահսկողը եղել է դատախազ Պետրոս Պետրոսյանը, և հենց նա է ստորագրել վերջնական մեղադրական եզրակացությունը:
Հ․ Խուդոյանի միջնորդությանը միացան նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։
Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատախազ Պետրոսյանն անգործություն է ցուցաբերել իրենց պաշտպանյալին առնչվող մի շարք գործողությունների ժամանակ:
Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանն էլ անդրադառնալով իրենց միջնորդությանը՝ մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, որով ասվում է, թե դատախազները պետք է բացահայտեն ոչ միայն մեղադրյալին մերկացնող, այնպես էլ նրան արդարացնող հանգամանքները:
Քոչարյանի պաշտպաններին միացան նաև մյուս մեղադրյալների պաշտպանները: Արմեն Գևորգյանի պաշտպանները նաև գործով մեղադրող մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ