«Սրանք ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ փոքրիկ հնարքներ են». դատախազ Պետրոս Պետրոսյան

«Այդ գործը գտնվում է քննության փուլում և պետք չէ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ես ոչ մի բանի չեն հետևում, կամ, որ պետք է հետևեմ Հայաստանում իրականացվող բոլոր ընթացակարգերին և պատշաճ իրավական գնահատականներ տամ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդության հիմքերին, թե չի հետևել քննիչների գործողություններին, ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն նախորդ  դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:

Պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանը ընդունել է  քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Այսօրվա դատական նիստում դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարությանը, թե դատախազությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գործով անցնող վկա Միքայել Հարությունյանին հարցաքննելու համար, մինչդեռ կար հնարավորություն, մեղադրող դատախազ Պետրոսյանն ասաց, որ նման բան անել չէին կարող, քանի որ չունեն Միքայել Հարությունյանի հասցեն ու նրա նկատմամաբ այս պահին հետախուզություն է հայտարարված:

«Եթե պաշտպանը գիտի, թե որտեղ է գտնվում Միքայել Հարությունյանը, ապա թող ասի մեզ, կտեղեկացնենք մեր ռուս գործընկերներին ու կհարցաքննենք: Եթե նրա տեղը հայտնի չէ, ինչպես կարող ենք հարցում ուղարկել մեր միջազգային գործընկերներից որևէ մեկին ու նա կօգնի նախատեսված ընթացակարգով հարցաքննություն անել»,- ասաց մեղադրող դատախազը:

Դատախազ Պետրոսյանը վստահ է, որ պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդության մեջ որևէ փաստարկ չկա:

«Սրանք ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ փոքրիկ հնարքներ են»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով իջնորդությունը ներկայացնելիս պաշտպանական կողմի հայտնած մեկ այլ դիտարկման, թե մեղադրող դատախազը պետք է մտածի, որ իր ոչ օրինական գործողությունների համար մի օր պետք է պատասխան տա, Պետրոսյանն ասաց.«Այո, մենք հավաքվել ենք այստեղ, որ անձինք, ովքեր ինչ-որ բան են արել, դրանց պատասխանները տան»:

Մանրամասները՝ 168.am-ի  տեսանյութում:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս