«Թե տրանսպորտային նոր ցանցն ինչպե՞ս է աշխատելու առանց նոր կանգառասրահների՝ չգիտեմ». Անի Խաչատրյան

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի խոսքով՝ 5-ամյա ծրագրում վերելակների մասին անդրադարձ չկա:

«Եթե չեմ սխալվում՝ Աջափնյակ-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առաջարկած բյուջում նույնիսկ վերելակը նորոգելու, տեխնիկական սպասարկման համար նախատեսված ոչինչ չկա: Երևանն ունի 4428 վերելակ, որից մոտ 2000-ն ունի հիմնանորոգման կարիք, լուրջ վթարայնության աստիճան ունեն: Սրա փոխարեն՝ 5-ամյա ծրագրում դրոշներին տրամադրվող գումարի չափը չի փոխվել՝ 44 մլն է: Մենք միշտ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում էինք «դրոշների 44 միլիոնի մեջ», բայց Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեում դրոշների գինը շարունակում է մնալ 44 միլիոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անի Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ քաղաքային նոր իշխանության հնգամյա ծրագրում մետրոյի և ճոպանուղու մասին գրված է. սկիզբ՝ 2019թ., ավարտ՝ կախված ներդրումներից:

«Իմ կասկածներն այսպիսին են՝ քաղաքային իշխանությունները հասկանում են, որ Աջափնյակի մետրոն հնարավոր չի լինելու իրականացնել: Հիմա նոր խոստում կա՝ ևս մեկ մետրոյի կայարան են խոստանում, որը լինելու է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների տարածքում: Ընդամենը նոր կայարան ենք կառուցելու, ռելսերի կարիք չկա, բացօթյա է: Կարծում եմ, որ քաղաքային իշխանությունը հասկացել է, որ մետրոյի նախագիծը, որը ցույց էին տվել և մեկ ամիս թափահարում էին, չեն կարողանալու իրագործել, և գտել են այլընտրանքային տարբերակ, որը մի աստիճանավանդակ ստեղծելն է: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա  գրված է՝ նոր տրանսպորտային ցանցի ներդրում, բայց Երևանում ունենք 850 կանգառ, որոնցից 348-ը կանգառասրահի կարիք ունի: Նոր տրանսպորտային ցանցի համար դա շատ պարտադիր է, բայց քաղաքապետի ներկայացրած 5-ամյա ծրագրում ունենք վերանորոգելու և կանգառասրահով ապահովելու ընդամենը 130 կանգառասրահ: Թե տրանսպորտային նոր ցանցն ինչպե՞ս է աշխատելու առանց նոր կանգառասրահների՝ չգիտեմ: Լավն այն է, որ 101 տրոլեյբուս են խոստանում»,- եզրափակեց ավագանու անդամը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս