«Այս պահի դրությամբ գործընթաց կա, որը Կառավարության դաշտում է». Վարազդատ Կարապետյանը՝ Ամուլսարի մասին

«Մենք պարբերաբար, մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է Ամուլսարի հարցը, հանդիպում ենք և՛ Կառավարության հետ՝ հասկանալու հարցի հետ կապված գործողությունները և ընթացքը, և՛ մարդկանց, հանրային ու բնապահպանական կազմակերպությունների հետ` հասկանալու նրանց մոտիվացիան ու գործողությունները: Տեսնում ենք, որ հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, և մարդիկ պետք է իրար ավելի շատ լսեն և ավելի լավ հասկանան դիրքորոշումները: Հիմա մենք մեզ վրա ենք վերցրել այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը»,- այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ են քննարկել Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող բնակիչների հետ, և ի՞նչ արդյունք ունեն:

Նրա խոսքով՝ իրենք կազմակերպում են հանդիպումներ՝ հասկանալու և՛ Կառավարության ծրագրերը, և՛ մարդկանց դիրքորոշումները, որպեսզի կարողանան՝ որպես մեկ միասնական ուժ, մեկ ժողովուրդ, այդ վիճելի հարցի վերաբերյալ մեկ տեսակետ ունենալ և գնալ իրավական ճանապարհով:

Հարցին՝ ի վերջո ի՞նչ փուլում է Ամուլսարի շահագործման հարցը, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց, որ այժմ Կառավարությունը գնում է իրավական ճանապարհով:

«Հիմա գործընթաց կա, և այդ գործընթացը պետք է թողնենք գնա առաջ, որպեսզի մենք հասկանանք, թե այս հարցի իրավական լուծումները որոնք են: Այս պահի դրությամբ գործընթաց կա, որը Կառավարության դաշտում է, և այս բոլոր հարցերի պատասխանն ավելի շատ Կառավարությունը կտա»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս