Բրազիլիա-Արգենտինա, Իսպանիա և Իտալիա․ Ի՞նչ հանդիպումներ դիտել այսօր
Շարունակվում են Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը ևս իր խաղը կանցկացնի այսօր 21:00-ին։ Բացի այդ, Եվրոպայի առաջնության ընտրական փուլին չմասնակցող թիմերը կանցկացնեն ընկերական հանդիպումներ։
Առաջարկում ենք 3 հետաքրքիր հանդիպում այսօր երեկոյան դիտելու համար։
1․ Բրազիլիա-Արգենտինա․ հավերժ հակամարտություն
Մեկնարկը՝ 21։00
Բրազիլիան աշխարհի հնգակի չեմպիոն է: Այս տարի Տիտեի սաները հաղթեցին «Կոպա Ամերիկայում», իսկ Հարավային Ամերիկայի հիմնական ֆուտբոլային մրցաշարում ելույթ ունենալուց հետո նրանք անցկացրեցին չորս հանդիպում, որոնցում վաստակեցին երեք ոչ-ոքի և հակառակ կանխատեսումներին՝ պարտվեցին Պերուին (0:1): Վերջին խաղում բրազիլացիները խաղաղությամբ բաժանվեցին Նիգերիայից (1:1):
Նեյմարը դեռևս որոշակի մկանային անհանգստություն է զգում:
Արգենտինան նվաճեց բրոնզե մեդալներ «Կոպա Ամերիկայում» և ցուցադրեց բավականին հզոր ֆուտբոլ: Դրանից հետո թիմն անցկացրեց չորս հանդիպում, որոնցում կարողացավ երկու հանդիպում հաղթել և երկու անգամ ոչ-ոքի խաղալ: Վերջին խաղում արգենտինացիները 6:1 հաշվով հաղթեցին Էկվադորին:
Լիոնել Մեսսին, ով մրցավարի հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով որակազրկվել էր 3 ամսով, վերադարձել է հավաքական և հայտավորված է այս խաղի համար։
2․ Իսպանիա-Մալթա․ երբ ամեն ինչ արդեն որոշված է
Մեկնարկը՝ 23։45
Այս խաղում հանդիպելու են խմբի առաջատարն ու հետնապահը, բայց հաշվի առնելով, որ խաղը երկու թիմերի համար էլ որոշիչ արդյունք չի կարող ունենալ, հնարավոր է, որ երկրպագուները տեսնեն վառ և բաց ֆուտբոլ։
Իսպանիան Եվրոպայի քառակի չեմպիոն է, և հաջորդ տարի 11-րդ անգամ կմասնակցի Հին մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլին: Ութ տուրից հետո «կարմիր ֆուրիան» իր ակտիվում ունի վեց հաղթանակ և երկու ոչ-ոքի։
Վերջին երկու հանդիպումներում Իսպանիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց։
Մալթայի ազգային հավաքականը F խմբի մրցաշարային աղյուսակում գրավում է վերջին հորիզոնականը և ութ տուրերից հետո ունի մեկ հաղթանակ և ընդամենը երեք միավոր: Թիմը 18 բաց թողած գոլի դիմաց խփել է ընդամենը 2 գոլ։
3․ Բոսնիա Հերցեգովինա-Իտալիա․ կզիջե՞ն իտալացիները
Մեկնարկը՝ 23։45
Մեր մրցակիցներից Իտալիան արդեն լուծել է հաջորդ փուլ դուրս գալու հարցերը, իսկ Բոսնիան, ինչպես և Հայաստանը, ունի միայն տեսական հնարավորություններ։
Բոսնիա և Հերցեգովինան անկեղծորեն ձախողեց որակավորումը` դրա ավարտից երկու տուր առաջ Ռոբերտ Պրոսինեխկայի թիմը սակավ շանսեր ունի երկրորդ տեղի համար: Բոսնիայի ընտրանին ակտիվում ունի 10 միավոր, ինչը հինգ միավորով պակաս է երկրորդ Ֆինլանդիայից, երրորդ տեղում գտնվող Հայաստանի հավաքականը նույնպես ունի 10 միավոր:
Վերջին տուրում Բոսնիա և Հերցեգովինան, հակառակ բոլոր կանխատեսումներին, պարտվեց Հունաստանին 1:2 հաշվով՝ գրեթե դուրս մնալով փլեյ-օֆֆի համար պայքարից:
Իտալական թիմը ցուցադրեց իր լիակատար ներուժը որակավորման փուլում. Ռոբերտո Մանչինիի թիմն ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ արդեն երաշխավորել էր առաջին տեղը: Իտալացիներն իրենց ակտիվում ունեն 24 միավոր, և նրանք արդեն անհասանելի են Ֆինլանդիայի համար, որն ունի ինը միավոր պակաս:
Վերջին տուրում Իտալիան 5:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին՝ ընտրական փուլում հաղթելով ութերորդ անընդմեջ խաղում:
Սիրափի Աղաբաբյան