«Այստեղ ևս կա ֆուտուրիզմ, որովհետև դա ԲԴԽ նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ մի քանի ժամով հրաժարական տվեց, մի քանի ժամ հետո հրաժարականը հետ վերցրեց». Ռուբեն Մելիքյան

«Ես առաջ քաշեմ մի տեսություն, որը պայմանականորեն անվանենք ֆուտուրիստական իրավաբանություն, որի տրամաբանության մեջ են վերջին 1.5 տարվա բոլոր իրադարձությունները: Այն գործում է մի քանի սկզբունքներով՝ անսկզբունքայնություն՝ սկզբունքայնության փոխարեն, առօրեականություն՝ համակարգվածության փոխարեն, էկլեկտիզմը՝ տրամաբանականության փոխարեն, էֆեկտը՝ էֆեկտիվության փոխարեն»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Վերջինս կարծում է, որ մայիսի 20-ին դատարանների մուտքերի արգելափակումը լիովին տեղավորվում է ֆուտուրիստական իրավաբանության տեսության շրջանակներում, քանի որ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն ուղղակի արգելափակվեն:

«Մի հետաքրքիր փաստ. ԲԴԽ-ն չարձագանքեց գործադիրի այս նախաձեռնությանը: Ավելին, ԲԴԽ մեկ անդամ անգամ հրապարակավ պաշտպանեց այս միջոցառումը, և հետաքրքիր է, որ այստեղ ևս կա ֆուտուրիզմ, որովհետև դա նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ մի քանի ժամով հրաժարական տվեց, մի քանի ժամ հետո հրաժարականը հետ վերցրեց»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արցախի նախկին ՄԻՊ-ն այս համատեքստում հիշեց նաև հունիսի 20-ի ինքնահռչակումը, երբ մարդը, ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, իրեն հռչակում է ՍԴ նախագահ ու ինչ-որ ֆուտուրիստական տեսություն առաջ քաշում ՍԴ դատավոր-անդամ տեսության հետ կապված, և անմիջապես ինչ-որ մի խումբ լծվում է այդ տեսությունը հիմնավորելու գործին:

«Իրավաբանությունն այնպիսի երևույթ է, որ նման բաները հետևանք են ունենում»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Նա բերեց ֆուտուրիստական իրավաբանության այլ օրինակներ ևս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ նրանք այսօր կալանավորված են, իսկ ՍԴ դատավորին հայհոյելու, նրան քաշքշելու դեպքով որևէ գործ չհարուցվեց, պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդմամբ հարուցված քրեական գործը, երբ նույն գործով ընթացք չտրվեց նույն «արարքի» տրամաբանության մեջ տեղավորվող Արարատ Միրզոյանի՝ օրենսդիրից գործադիր գնալու ճանապարհին: Օրինակները շատ են, սակայն պետք է նշել, որ իրական իրավաբանությունը լուրջ դիմադրություն է ցույց տալիս ֆուտուրիստական իրավաբանությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս