
Աբաշիձեն և Կարասինը Պրահայում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: Այդ մասին գրել է «Ռեզոնանսի» թերթը:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը կասեցված է հուլիսի 8-ից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման որոշում է ընդունել Թբիլիսիում հակառուսական ակցաների ֆոնին: Այդ ժամանակվանից Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կարելի է թռիչքներ կատարել միայն երրորդ երկրների միջոցով, բայց դա, բնականաբար, շատ ավելի թանկ է նստում:
«Անշուշտ, մենք կխոսենք կասեցված թռիչքների մասին, եւ հանդիպումից հետո ավելի շատ տեղեկատվություն կունենանք այն մասին, թե ինչպիսին են ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները, եւ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը»,-հայտարարել է Աբաշիձեն հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Աբաշիձեն, ինքը Կարասինի հետ չի հանդիպել հունիս ամսից, ուստի երկար դադարի ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր: «Հանդիպումը մեկօրյա է, եւ մենք հիմնականում կքննարկենք հարցեր, որոնք նախատեսված են Պրահայի ձեւաչափով: Դրանք առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար թեմաներն են: Տեսնենք՝ ինչ իրադրություն է, որոնք են խնդիրները եւ ինչպիսին է դինամիկան»,-հայտարարել է Աբաշիձեն, հաղորդել է Sputnik-ը: