«Թող քայլ արած լինի, ոչինչ, որ պոլի փետ լինի». Ռուբեն Հակոբյան
«Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ 1.5 տարի առաջ Հայաստանում: Դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ինչ-որ գրասենյակում գրված սցենար»,- այսօր «Վերնատան» համաժողովի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ դեռ չի կարողանում ստանալ այս հարցի պատասխանը, բայց վստահ է՝ եղածը հեղափոխության հետ աղերս չունի:
Անդրադառնալով այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի օրակարգում դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ հարցն իսկապես մտել է փակուղի, այն էլ՝ օրվա իշխանության ջանքերի միջոցով:
Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այսօր իր հետ իշխանության է բերել ընդդիմադիր եղած օրերի իր պոպուլիզմը:
«Աշխարհում չկա մի մարդ, ով կբացատրի, թե ոնց կարող է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը բավարարել երեք կողմերին: Դա ասվել էր միայն Եվրոպայի համար: Ու «Արցախը Հայաստան է, և վերջ» ասվածը ևս պոպուլիստական քաղաքականության մի մաս էր: Դա արված էր Արցախում այդ օրերին հավաքված հայերի ծափահարությանն արժանանալու համար»,- ասաց նա:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ Փաշինյանի այս հայտարարությունն ադրբեջանական կողմի համար մանևրելու լայն դաշտ է բացում:
Հակոբյանը համոզված է, որ օրվա իշխանությունն անգամ կադրերին ընտրելու հարցում է միանձնյա:
«Ասում է՝ թող քայլ արած լինի, ոչինչ, որ պոլի փետ լինի»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով դատական համակարգի դեմ տեղի ունեցող ճնշումներին՝ Հակոբյանը խոսեց «վնգստացող» դատավորների մասին: Ըստ նրա՝ «վնգստում» են բոլոր այն մարդիկ, ովքեր դարձել են գործիքներ իշխողների համար ու պետության համար շատ վտանգավոր գործողություններ են իրականացնում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ