
Լիբանանի նոր վարչապետ կդառնա ֆինանսների 75-ամյա նախկին նախարարը

Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:
«Մուստակբալ» կուսակցությունը, Ազատ հայրենասիրական շարժումը, «Ամալ» շարժումը եւ «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել եւ երկրի նոր վարչապետ կհայտարարեն նախկին նախարար Մուհամադ Սաֆադիին»,- նշել է հեռուստաալիքը:
MTV հեռուստաալիքը հաստատում է այդ տեղեկատվությունը եւ ճշտում, որ նոր կառավարությունը ներկայացված կլինի «տեխնոկրատներով եւ քաղաքական գործիչներով»:
Ալիքի տվյալներով՝ «Մուստակբալ» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ներկայացված կլինի կառավարությունում, բայց ոչ հայտնի մարդկանցով:
75-ամյա Սաֆադին տարբեր նախարարություններ է գլխավորել Լիբանանում, իսկ 2011-ից մինչեւ 2014 թվականը ֆինանսների նախարարն է եղել Նաջիբ Միկատիի կառավարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: