Փետրվարին Սևանում չեն լողում. Նիկոլ Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերապահումով է մոտենում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը: Այս մասին նա հայտարարեց՝ պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը հիշեցրեց վերջերս Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պատկերացնո՞ւմ է Թուրքիայի հետ որոշակի գործընթացի մեկնարկ:

«Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:

Նա համաձայնեց Լավրովի մտքի հետ, որ դա, այնուամենայնիվ, պետք է ճիշտ համատեքստում լինի: «Սևանում լողալը լավ բան է, սակայն երբ մեկն առաջարկում է, պետք չէ միանգամից գնալ, պետք է նայել, թե դրսում ինչ աստիճան է, նայել օրացույցին, ըստ այդմ կողմնորոշվել»,- նշեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս