Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթը կայացավ. երկուսից մեկին կընտրի ՊՆ-ն
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը, որը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 12-ին, քիչ առաջ ավարտվել է:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ին հայտնեց, որ բանավոր և գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող է ճանաչել Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Արիստակեսյանին ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլևանյանին։
«Հիմա վերջնական որոշումը պետք է կայացնի Պաշտպանության նախարարը: Տնօրենի նշանակման մրցույթին մասնակցել է 6 հոգի, երկրորդ փուլ անցել են 4-ը, և հաղթող են ճանաչվել 2-ը: Հանձնաժողովի նախագահը եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, եղել է ներկայացուցիչ հասարակական սեկտորից: Այսինքն՝ 4-ը եղել են ՊՆ-ից, մեկ հոգին՝ ոչ»,- մանրամասնեց Գևորգ Ալթունյանը:
Մեր դիտարկմանը, թե «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլևանյանը լրատվամիջոցներին ասել է, որ իր հավաքած միավորներն ավելի շատ էին, Գևորգ Ալթունյանը պատասխանեց. «Հավասարի խնդիրը չէ: Կարող է՝ մեկը մի միավոր հավաքի, մյուսը՝ պակաս: Իրականում, ըստ կարգի՝ կա անցողիկ շեմ բոլոր փուլերի համար: Եթե տարբեր դիմորդներ հավաքում են անցողիկ շեմից բարձր, արդեն կապ չունի, թե ով ինչքան միավոր է հավաքել, որովհետև հավասար իրավունքով մասնակցում են հաջորդ փուլին»:
Մասնակիցներից մեկի փոխանցմամբ էլ՝ վատն այն է եղել, որ պետք է օրենքներն անգիր իմանային ու վերարտադրեին:
Հիշեցնենք, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը հետաձգվել էր, այն նախատեսվել էր անցկացնել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:
Ավելի վաղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, ով նախկինում աշխատել այդ ՊՈԱԿ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե պարզվում է՝ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարված, բայց այն, ցավոք, թաքցված է «քառսուն գազ խորությամբ» ու «քառսուն գոմշու կաշվի» տակ, որ հանկարծ մասնակից չլինի։
Անի Կարապետյան