«Մեր կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը մեկն է եղել ու կմնա նույնը. Հայաստանում ընթացող բարեկարգումներից ազատել ապազգային գործիչներին»
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հայտարարությունը
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աջակցում ենք ժողովրդական շարժմանը եւ ամեն գնով տեր ենք կանգնելու Մայիսյան հեղափոխության սկզբունքներին:
Բազմաթիվ առիթներով հորդորել ենք Նիկոլ Փաշինյանի վարչակազմին ձերբազատվել իր շարքերում ներթափանցած ապազգային տարրերից, սակայն Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի նման ժողովրդի կողմից չընդունված մարդիկ ոչ միայն մնացել են իրենց պաշտոններին, այլ արհամարհելով Հայ Առաքելական Եկեղեցու, մեր տասնյակ հազար սատարողների եւ համայն ավանդապաշտ հանրության կարծիքը փորձում են կյանքի կոչել ազգային արժեքներին հարվածող անընդունելի նախաձեռնություններ՝ դրանց համար անխնա օգտագործելով հանրային միջոցներ:
Այսպիսով- սպառվել է ազգաբնակչության համբերությունը, որից բնականաբար օգտվում են հին ուժերը, որոնց միակ նպատակն է ապակայունացնել իրավիճակը՝ ունենալով միայն մեկ նպատակ, որն է՝ վերականգնել իրենց խայտառակված իշխանությունը:
Ստեղծված անհաջող եւ մտահոգիչ իրողության միակ պատասխանատուն «ԻՄ ՔԱՅԼ»-ը դաշինքն է, որը շարունակում է համառորեն պաշտպանել այլասերված եւ օր օրի ժողովրդի ատելությանն արժանացող այս պաշտոնյաներին:
Վերջին օրերին մեր կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը մեկն է եղել ու կմնա նույնը. Հայաստանում ընթացող բարեկարգումներից ազատել ապազգային գործիչներին: Մենք եղել ենք, կանք եւ կմնանք վերքաղաքական եւ ոչ մի դեպքում չենք հանդուրժելու, որ մեր պայքարը վերածվի ներքին քաղաքական մանրադրամի:
Կոչ ենք ուղղում հանրությանը եւ մասնավորապես ուսանողներին եւ երիտասարդներին չշեղվել պայքարի բուն նպատակից եւ չօգտագործվել:
Ինչպես որ «Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ», այնպես էլ՝ «Այլասերման այլընտրանքը չի կարող լինել հնին վերադառնալը»: