Արարատ Միրզոյանին դուր չեկավ Ուրիխանյանի՝ «սկուտեղի վրա մատուցված իշխանության» մասին հիշեցումը
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց մի շարք նախագծեր, որոնք տարբեր հանձնաժողովների նիստերում արժանացել են բացասական գնահատականի և չեն ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։
Այս նախագծերից մեկը վերաբերում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին, որի հեղինակը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։
Պատգամավորը նշեց, որ իր ներկայացրած նախագծին, որը միտված է կենսաթոշակների բարձրացմանը, Կառավարաությունը տվել բացասական եզրակացություն՝ պատճառաբանելով, որ հաշվարկելը դժվար է լինելու։
«Այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը գրանցված և փաստաթղթավորված չէ, այն էլ՝ էլեկտրոնային և թվային աշխարհում և արդեն 1.5 տարի այդ հաշվարկն անելը պետք է լիներ հեշտ։ Եթե ՀՀ քաղաքացին չստանա այն, ինչի համար Ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանություն, ապա Դեուք կորցնելու ենք այն ճրագը, որը վառվեց 800 հազար աղքատների հոգում»,- ասաց Ուրիխանյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել այս նախագծին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի դիտարկմանն ի պատասխան հարցրեց.
«Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկո՞ւմն է, որ մեզ սկուտեղի վրա է իշխանությունը մատուցվել»։
Տ. Ուրիխանյանը պատասխանեց՝ այո, ինչին Արարատ Միրզոյանը կրկին արձագանքեց՝ ասելով. «Պարոն Ուրիխանյան, մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը և Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին հիշեցնենք»։
«Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին Ուրիխանյանի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։
Մանրամասները տեսանյությում