Հայ եկեղեցու դեմ պատերազմը մտել է վճռորոշ փուլ
2017թ․ մայիսի 10-ին ամերիկյան Pew Research Center հետազոտական ընկերությունը հրապարակեց մի ծավալուն հետազոտություն, որի արդյունքները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար կրոնը դարձել է առանձին անձանց ու ժողովուրդների ինքնագիտակցության կարևոր բաղադրիչներից մեկը և մեծ ազդեցություն է թողնում այդ երկրների ժողովուրդների ու հասարակությունների աշխարհաճանաչողության և աշխարհընկալման վրա։ Հետազոտության մեջ ներառված է նաև Հայաստանը։
ԱՄՆ-ում հեղինակավոր Pew Research Center կազմակերպությունը 1948թ․-ին հիմնադրված The Pew Charitable Trusts ոչ կառավարական կազմակերպության մասնաճյուղն է։ Կազմակերպությունը Միացյալ Նահանգներում իրականացնում է կարևորագույն հետազոտություններ և կատարում է վերլուծություններ պետական կառավարման ու հասարակության կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ։
Վերոհիշյալ հետազոտության մեջ ներկայացված են հետևյալ արդյունքները․
– Միասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Հայաստանը առաջատարն է։ Այդ երևույթը բարոյապես անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների 98%-ը:
– Ամուսնական կյանքում ամուսինների ավանդական դերերի նախապատվության հարցում Հայաստանը 82%-ով կրկին առաջատարն է։
– Հայաստանը 82%-ով առաջատար դիրքում է այն հարցում, որ կինն ունի երեխաներ լույս աշխարհ բերելու սոցիալական պատասխանատվություն։
– Հայաստանում հարցվածների 96%-ը՝ թմրանյութերի օգտագործումը և պոռնկությունը, 69%-ը՝ հղիության արհեստական ընդհատումը, 79%-ը՝ նախաամուսնական սեռական հարաբերությունները, 56%-ը՝ ամուսնալուծությունն անբարոյական են համարում։
– ՀՀ քաղաքացիների 59%-ը համարում են, որ պետությունը պետք է նպաստի կրոնական արժեքների տարածմանը։ Այստեղ Հայաստանը ևս առաջատարն է։
– ՀՀ քաղաքացիների 82%-ը ամուր կապ են տեսնում կրոնի և ազգային ինքնության միջև։ Այս ցուցանիշով Հայաստանը ևս առաջատարն է:
– Հայաստանում հարցվածների 95%-ը պատասխանել են, որ հավատում են Աստծուն։ Սա երկրորդ ցուցանիշն է Վրաստանից հետո:
Վերոգրյալ հետազոտությունը և նման հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերիս ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգին վերաբերող հարցերը գտնվում են արևմտյան ուղեղային կենտրոնների ուշադրության կենտրոնում։
Հետազոտության արդյունքներից երևում է, որ հայ ժողովուրդը բոլոր ցուցանիշներով առաջատար դիրքեր է զբաղեցնում և քրիոստոնեական արժեհամակարգին հակասող երևույթների նկատմամբ ունի խիստ բացասական վերաբերմունք, ինչը խոսում է մեր ժողովրդի բարձր բարոյական հատկանիշների մասին։
Սա ևս մի ազդակ է Արևմուտքի համար, որ հայ ժողովրդի երկու ազգային ինստիտուտները՝ Հայ Առաքելական եկեղեցին և ընտանիքը, հիմնականում պահպանել են իրենց ամրությունը, այդ իսկ պատճառով պետք է ուժեղացնել այդ ազգային ինստիտուտների քայքայմանն ուղղված գործողությունները։
Այդ առումով ուշագրավ է 2018 թվականին հրապարակված կրոնական ազատություների մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը, որտեղ նշվում է Հայ Առաքելական եկեղեցու մեծ դերի մասին մեր ժողովրդի կյանքում։
Պետքարտուղարության զեկույցում մասնավորապես նշվում է.
«Օրենքը Հայ Առաքելական եկեղեցուն /ՀԱԵ/ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման վայրերում ազատ մուտքի ու մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք է վերապահում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն տվյալ հաստատության ղեկավարից թույլտվություն ստանալու դեպքում: Օրենքը նաև նախատեսում է, որ պետությունը չի միջամտի ՀԱԵ-ի՝ ողջ երկրի տարածքում ազատորեն քարոզչություն իրականացնելու և իր հավատը տարածելու բացառիկ իրավունքի իրացմանը»։
Այնուհետև զեկույցում նշվում է.
«ՀԱԵ-ն իրավունք ունի մասնակցել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրերի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն նրանք հանդիսանում են պետական աշխատողներ: Օրենքը ՀԱԵ-ին իրավունք է շնորհում կազմակերպել կրոնական ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամների համար կրոնական ուսուցում իրականացնել իրենց պատկանող հաստատություններում, սակայն ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում»։
Զեկույցում մի զգալի հատված նվիրված է 2018թ.-ից սկսած մի խումբ ապստամբների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող արշավին։ (Այս առումով պետք է արձանագրել, որ նոր իշխանության օրոք աննախադեպ ագրեսիվ բնույթ են ստացել հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ)։
2018 թվականին այդ հարձակումը հաջողվեց կասեցնել, սակայն ապստամբները և իրենց արևմտյան հովանավորները չեն նահանջել և պատրաստվում են նոր հարձակման։ Ապստամբների աջակցությանը հատկապես լծվել է բրիտանական BBC լրատվամիջոցը, որը 2019 թվականի սեպտեմբերին երկու հոդված հրապարակեց նրանց առաջնորդներից մեկի՝ կարգալույծ հոգևորականի մասին։
Արևմուտքը խնդիր է դրել թուլացնել Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը, նրան դուրս մղելով հայ ժողովրդի կյանքում կարևոր դեր ունենալու առաքելությունից։ Դրանով է պայմանավորված նաև վերջին շրջանում դպրոցական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս հանելուն ուղղված պետական կրթական քաղաքականությունը։
Այսպիսով կարող ենք փաստել, որ ընթանում է չհայտարարված պատերազմ հայ ժողովրդի ազգային ինստիտուտներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, և ամեն մեկիս պարտքն է՝ տեր կանգնել դարեր շարունակ ազգային ինքնության, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի պահապան մեր Եկեղեցուն։
Վահե Հայկունի