Բաժիններ՝

«Սա չի ներվելու, բայց այդ գումարների հետբերումը շատ դժվար է  լինելու». Կինոռեժիսորը՝ իր ֆիլմի ֆինանսավորումը մերժելու մասին

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության» դատական նախնական առաջին նիստը։

«Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի  խոսքով՝ այն բանից հետո, երբ Լիլիթ Մակունցի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացություն էր տվել, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտը մերժվել է ապօրինաբար, որոշել են, որ այդ հանձնաժողովի դեմ պետք է հայց ներկայացնեն։

«Մշակույթի նախարարության կողմից ձևավորված ֆիլմերի մրցութային հանձնաժողովն է կասեցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը։ Մեզ ասում էին, թե ինչու ենք դատի տվել Մշակույթի նախարարությանը և Ազգային կինոկենտրոնին, եթե հանձնաժողովն է կասեցրել ֆիլմի ֆինանսավորումը, այդ պատճառով էլ որոշեցինք հայց ներկայացնել նաև հանձնաժողովի դեմ, այստեղ մեր հաղթելու շանսերը մեծ են, քանի որ այդ հանձնաժողով ձևավորող մարմինը՝ Մշակույթի նախարարությունը, համարել է, որ իր կողմից ձևավորած հանձնաժողովն օրենք է խախտել և իրավունք չուներ կասեցնելու ֆիլմի ֆինանսավորումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսորը։

Ըստ նրա՝ Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են, դատական նիստի ընթացքում որոշվել է հաջորդ նիստն անցկացնել 2020 թվականի փետրվարի 3-ին։
«Դատավորի ու պատասխանող կողմի համար ամեն ինչ պարզ է, իրենք մեկ բան են անում՝ ձգձգում են դատավարությունը, թե այստեղ ինչ շահ ունեն՝ չեմ հասկանում, բայց դրանից շատ կոպիտ ձևով խախտվում են ֆիլմի իրավունքները, այսինքն՝ ֆիլմի նկարահանումները հերթական անգամ հետաձգվում են։ «Տատիկիս վարսերը» մերժել են՝ հիմք ընդունելով այն, որ մենք չենք ավարտել մեր նախորդ ֆիլմը։ Հիմա մենք ավարտել ենք «Թողություն» ֆիլմը, այսինքն՝ իրենց «հիմնավորումն» այժմ չկա»,- հավելեց Հովհաննես Գալստյանը։
Նա բացառեց, որ ֆիլմի նկարահանումների ձգձգումը կարող է պատճառ դառնալ, որ Բուլղարիան և Գերմանիան հրաժարվեն նկարահանումներից։

«Նման հարված, երբ 340.000 եվրոյի ներդրում տապալեն կինոյում, չի կարող լինել, սա, իհարկե, չի ներվելու, բայց այդ գումարների հետբերումը շատ դժվար է  լինելու»,- եզրափակեց կինոռեժիսորը։
Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծ է, որի ֆինանսավորումը Մշակույթի նախարարության որոշմամբ նախորդ տարի մերժվել էր, որի պատճառով էլ Հովհաննես Գալստյանը երկու անգամ հացադուլ արեց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս