Բաժիններ՝

«Եթե մինչև փետրվար չհաստատվի կինոնախագծի բյուջեն՝  կդիմենք կոշտ պայքարի՝ զանգվածային հացադուլներով, գործադուլներով և փողոցներ փակելով». Հովհաննես Գալստյան

Նախորդ տավա դեկտեմբերին «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը 9 օր հացադուլ հայտարարեց, քանի որ ռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը կյանքի չէր կոչվել։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

9 օր հացադուլ անելուց հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրել էր հանձնաժողով, որը հաստատել էր, որ «Տատիկիս վարսերը» կինոնախագծի ֆինանսավորման մերժումը եղել է անօրինական։

«Այս ամենից հետո Մշակույթի նախարությունն Ազգային կինոկենտրոնին հրահանգեց մշակել ժամանակացույցով նոր պայմանագիր, որպեսզի այս տարի մենք կարողանանք ավարտել ֆիլմի նկարահանումները։ Մեր պահանջն ամբողջովին պետք է բավարարվեր։

Ազգային կինոկենտրոնն էլ ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրի մեր բոլոր փաստաթղթերի, այսպես ասած, արժանահավատությունը, քանի որ կասկածներ ունեին մեր փաստաթղթերի հանդեպ։ Մենք մոտ 30 փաստաթուղթ տարել ենք Ազգային կինոկենտրոն, և մոտ մեկ ամիս է՝ Կինոկենտրոնն ուսումնասիրում է դրանց լեգիտիմությունը»,- ասաց ռեժիսորը։

Նրա խոսքով՝ իրենց տրված մշակույթի նախարարի պաշտոնակատարի երաշխիքները Կինոկենտրոնի կողմից չեն կատարվել՝ դեռ կատարման փուլում են։

«Մենք ֆիլմի նկարահանումները պետք է սկսենք մինչև մարտ, բայց մինչ այդ  ֆինանսավորումը պետք է հաստատեն, հակառակ դեպքում՝ փետրվարին, նույնիսկ հունվարի կեսից մենք կդիմենք շատ կոշտ մեթոդների։ Ֆիլմի ամբողջ թիմը պատրաստ է մեզ աջակցել հրապարակային գործունեություն ծավալելու համար։

Եթե չհաստատեն, ապա փետրվարի 21-ին ավարտվում է մեր համատեղ արտադրության ֆիլմի  պայմանագիրը Բուլղարիայի և Գերմանիայի հետ։ Դրանից հետո մեր գործընկերներն ազատ են դուրս գալ նախագծից, որից հետո ֆիլմը պարզապես կկործանվի։

Այսինքն՝ փետրվարին մենք շատ կոշտ պայքարի մեթոդների կդիմենք՝ զանգվածային հացադուլներով, գործադուլներով և փողոցներ փակելով, խորհուրդ չէի տա, որ գնան այդ ճանապարհով»,- շեշտեց Հովհաննես Գալստյանը։

Նրա կարծիքով՝ Կինոկենտրոնը ժամանակ է շահում՝ մտածելով, որ Մշակույթի նախարարությունը կլուծարվի, և իրենք այլևս ոչինչ չեն անի:

«Ֆիլմի ամբողջ բյուջեն կազմում է 560 հազար եվրո, որից Հայաստանը պետք է տա 88 մլն դրամ, այսինքն՝ Հայաստանի մասնակցությունը 27-28 տոկոսով է։ 2015 թվականից մինչ օրս ֆիլմին տրամադրվել է ընդամենը 15 մլն դրամ»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Խնդրի հետ կապված փորձեցինք ստանալ նաև Ազգային կինոկենտրոնի մեկնաբանությունը, սակայն Կինոկենտրոնից տեղեկացրեցին, որ մեկնաբանություն կտան միայն հունվարի 30-ից հետո, քանի որ հունվարի 30-ին նշանակված է դատական նիստ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս