Նոյեմբերի 27-ին կհրապարակվի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը

Վարչական դատարանում ավարտվել է Հայկ Այվազյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունը, որով վիճարկվում էր վարչապետի ստորագրած ակտի իրավաչափությունը՝ Տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնից Հայկ Այվազյանին ազատելու մասին (01.04.2019թ. ստորագրած թիվ 327-Ա հրաման)։

Ընդգծենք՝ դատաքննության որևէ նիստին վարչապետի ներկայացուցիչը հարկ չի համարել ներկա լինել։

Օգոստոսին մուտքագրված հայցապահանջում Հայկ Այվազյանը միանգամից 3 պահանջ էր ներկայացրել Կառավարությանը՝ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակած հրամանը, վերականգնել աշխատանքը և փոխհատուցում ապօրինի հրամանի հետևանքով հակադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար՝ նշված պաշտոնի աշխատավարձի հանրագումարի չափով։

Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել անցած ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին, վճիռը կհրապարակվի նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, Հայկ Այվազյանի անսպասելի պաշտոնանկությունը մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց՝ ոչ միայն դրա հիմքում եղած պատճառների, այլև դրան հետևած իրավական գործընթացի պատճառով։

Հիշեցնենք, Հայկ Այվազյանը ՀՀ պետական կառավարման համակարգում պաշտոնանկ արված միակ անձն է վերջին 20-25 տարիների ժամանակագրության մեջ, ով հանդգնել է դատի տալ երկրի բարձրագույն ղեկավարին։

Իսկ Այվազյանի պաշտոնանկությունը, հիշեցնենք, տեղի էր ունեցել վարչապետ Փաշինյանի քաղաքական թիմակից, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ աշխատակարգային կոնֆլիկտից անմիջապես հետո, երբ վարչապետ Փաշինյանը իրեն մատուցված հրամանը ստորագրել էր առանց երկրորդ կողմի պարզաբանումը լսելու։

«Ինտրիգ էր պարզապես, դա պետք էր որոշ մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում ժամանակին ասել էր Հայկ Այվազյանը:

Ավելի վաղ 168.am-ում գրել էինք, որ հեղափոխության հետևանքով Կառավարության բարձր օղակում տեղ զբաղեցրած Էդուարդ Աղաջանյանը (դիջեյ), ով հետագայում իշխանական Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ դարձավ, հաճախ է իր ոչ կոմպետենտ հրամաններով խնդիրներ ստեղծել ներսում և միջամտել տեսչական մարմինների աշխատանքում, ինչն իր գործառույթների մեջ չի մտնում։

Էդուարդ Աղաջանյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հետագայում խոսեց Հայկ Այվազյանը, մինչդեռ մամուլից թաքնվող Աղաջանյանը Քաղաքացու օրը՝ լրագրողների հետ զրույցում, Հայկ Այվազյանի ազատումը համարել էր վարչապետի կամայական որոշումը՝ հասկացնելով, թե իբր այդ ազատման հետ իր կոնֆլիկտն առնչություն չունի:

«Հայկ Այվազյանը նշանակվում և ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որևէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում»,- ասել էր Աղաջանյանը՝ անհարմար վիճակում դնելով «շեֆին»։

Մի ուշագրավ փաստ ևս՝ վարչապետ Փաշինյանը հրաժարականների կամ ազատումների հետևանքով արդեն որերորդ պաշտոնն է՝ թափուր է պահում գործադիրի ներսում, երբեմն ժ/պ նշանակելով, մինչդեռ Հայկ Այվազյանի պաշտոնանկությունից հետո, նա հենց նույն օրը՝ ապրիլի 1-ին, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակի ղեկավար նշանակեց Արթուր Ասոյանին:

 Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930