«Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 միլիոն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի Հանրապետության 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է» հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Խոսելով ֆիլմերի ֆինանսավորման մասին՝ Մխիթարյանն օրինակներ վկայակոչեց.
«Հիմա, ըստ Ձեզ, դուրս է գալիս, որ, օրինակ, «Հիմնական բնազդ» ֆիլմում TriStar Pictures-ը, որը ֆինանսավորող ընկերություններից մեկն է եղել, վաղը-մյուս օրը կարող է ասել, որ մենք ֆինանսավորել ենք Շերոն Սթոունի կերպարի միայն գրող-բանաստեղծուհի լինելու հատվածը, այն ոտքը ոտքին գցելու հատվածի հետ մենք ընդհանրապես կապ չունենք: Չի կարող նման բան լինել»,- ասում է Մխիթարյանը՝ հավելելով, որ, եթե վարչապետը նման կարծիք է հայտնում, ապա պետք է իմանա, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Մելինե Դալուզյանի սպորտային նվաճումներից տասնապատիկ ավելի շատ նվաճումներ ունեցող չեմպիոններ գոյություն ունեն:
22 տարվա պրոդյուսերը վարչապետին անգամ առաջարկ ներկայացրեց:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 միլիոն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի Հանրապետության 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր: Ոչ թե մեկ ֆիլմ՝ անորոշ բովանդակությամբ, պարզ չի՝ ինչի մասին, այլ 20 փաստավավերագրական ֆիլմ նորանկախ Հայաստանի չեմպիոնների մասին, որոնց նվաճումներն իրոք շատ կարևոր են ու էական են Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Մխիթարյանը:
«Եթե ասում եք, որ ֆինանսավորելու եք միայն Մելինե Դալուզյանի չեմպիոնության մասին հատվածները, բա Մելինե Դալուզյանի Հայաստանից արտագաղթելու և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հատվածնե՞րը ով է ֆինանսավորելու: Վաղն ասելու եք, թե դրա պատասխանատուն Ավստրիա՞ն է, մենք դրա հետ ընդհանրապես կապ չունե՞նք»,- հավելեց Մխիթարյանը՝ Փաշինյանին հորդորելով վերանայել որոշումը ու չկրկնել Արայիկ Հարությունյանի ասածը, թե «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշումը կայացվել է ՀՀԿ-ի օրոք:
«Արայիկ Հարությունյանը, որի հրաժարականը պահանջում են և ճիշտ են անում երիտասարդները, որը խորապես տապալված նախարար է, ասել էր, որ այդ Մելինե Դալուզյանի ֆիլմը ֆինանսավորելու որոշումն ընդունվել է ՀՀԿ-ի օրոք: Շատ վատ է եղել, որ ընդունվել է ՀՀԿ-ի օրոք: Հիմա դուք ունեք բոլոր լեգիտիմ իրավունքներն այդ որոշումը չեղյալ համարելու: Այդ որոշումը բացարձակապես կապ չունի ՀՀ սահմանադրությանը հղում անելու հետ, բացարձակապես կապ չունի ԱԺ-ի հերթական նիստ հրավիրելու հետ: Այդ որոշումը դուք միանշանակ կարող եք բեկանել: Միայն ցանկություն է պետք»,- ասում է Ռուբեն Մխիթարյանը:
Իսկ ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նա ասաց.
«Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, անկախ նրանից, որ նա ձեր ամենահավատարիմ կուսակցական, ամենահավատարիմ գաղափարակից ընկերներից է, այդ նախարարը խորապես տապալվել է»:
ԿԳՄՍ նախարարության մասին խոսելիս Մխիթարյանը մեջբերեց Գագիկ Գինոսյանի խոսքը, թե կրթությունն ու մշակույթը մի մարմնի 2 ոտքերն են:
«Երբ դու այդ երկու ոտքերը կապում ես իրար, դարձնում ես մեկ, մեկ ոտքը չի կարող առողջ մարմնի մաս համարվել, մեկ ոտքով քայլել հնարավոր չէ: Հիմա դուք ոչ թե 2 ոտք եք իրար միացրել, այլ՝ 4, և դա արդեն պարզ չի, թե ինչ օրգանիզմ է»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդների հետ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե իրենք ֆինանսավորում են միայն ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ