«Որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս՝ առաջիններից կլինեմ, որ կստորագրեմ այդ պահանջի տակ». Գագիկ Համբարյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել է նաև Շիրակի պետական համալսարանը, որտեղ նախարարի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հայտարարեց ՀԴՅ երիտթևի ներկայացուցիչը։
168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեղեկացրեց, որ համալսարանում ստորագրահավաք է տեղի ունենում, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայ գրականություն առարկաների ուսուցումը համալսարանում պարտադիր դարձնելու պահանջով, որին միացել են բազմաթիվ մարդիկ։
«Երկուշաբթի նոր կտեղեկանանք, թե Շիրակի պետական համալսարանն ինչ դիրքորոշում է ընդունում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահով։ Այսօր դասի չեմ գնացել, չգիտեմ՝ նախարարի հրաժարականի պահանջով ստորագրահավաք ընթանո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ինքս՝ որպես Շիրակի պետական համալսարանի դասախոս, առաջիններից մեկը կլինեմ, որ կստորագրեմ այդ պահանջի տակ։ Ինքս առաջիններից մեկն եմ եղել, որը քննադատել է վարչապետի կողմից այդ անձին նախարարի պաշտոնում նշանակելու քայլը»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մինչև երկուշաբթի պետք է սպասել՝ հասկանալու համար, թե Շիրակի պետական համալսարանն իր դիրքորոշումն ինչպես կհայտնի։
«Մենք տեսանք, որ վարչապետի և ակցիայի մասնակիցների հանդիպումը ոչինչ չտվեց, քանի որ յուրաքանչյուրն իր կարծիքին մնաց»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ԵՊՀ մի շարք ուսանողներ և ՀՅԴ երիտթևը նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Իրենց պահանջը հիմնավորում են նրանով, որ նախարարի վարած քաղաքականությունը դեմ է հայագիտությանը։
Զվարթ Խաչատրյան