«Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարություն սպասելը միամտություն է». Լևոն Քոչարյան
«Մինչև հիմա մարդիկ, ինչքան հիմարություն կա, հավատում են դրան: Ժամանակին չենք արձագանքել, որովհետև չենք մտածել, որ նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնի մարդկանց մեջ: Հիմա տեսնում ենք, որ այդ ամեն ինչն արմատացել է: Այդ սուտն ու կեղծիքն իր գործն արել է»,- այսօրվա դատական նիստից հետո Քոչարյանների ընտանիքի դեմ մամուլում հրապարակվող «ստի ու կեղծիքի» մասին խոսելիս՝ ասաց Լևոն Քոչարյանը:
Ըստ նրա՝ վերջին 10 տարվա ընթացքում իրենց ընտանիքի դեմ շատ «ստեր» են գրվել:
Անդրադառնալով այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշմանը, որով մերժվեց գրավով ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին ասաց, որ իրենց համար սպասելի որոշում էր:
«Ինձ թվում է՝ դատավոր Դանիբեկյանից, արդեն վաղուց պարզ էր, որ արդարադատություն սպասելը միամտություն է: Հերթական ապօրինի որոշումն է»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջով կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նոյեմբերի 5-ին միջնորդել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափի ընտրությունը թողնելով դատարանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ