Արայիկ Հարությունյանը Գիտությունների ակադեմիայի շուրջ բարձրացված աղմուկն իզուր է համարում

Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ բարձրացված աղմուկն իզուր է համարում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք նպատակ ունենք կարծիքներ հավաքել այն աշխատանքային նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել ենք: Ներկայում փոփոխություններ են տեղի ունենում այդ նախագծում, որից հետո այն կդնենք մեծ քննարկման: Այնուհետև բոլոր դեմ և կողմ կարծիքները կքննարկենք, կտեսնենք, թե ով ինչ առաջարկ ունի: Ըստ դրա առաջ կգնանք: Ցավում եմ, որ ինֆորմացիոն բաց դաշտի պայմաններում վերցնում ենք կիսատ մի նախադասություն, կիսատ վերլուծություն, կարծիք, որը նախնական տարբերակի վերաբերյալ է, երկրորդ կողմի, այս դեպքում նախարարության կարծիքը չենք հարցնում, կռիվ ենք տալիս չեղած թեմաների հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, նախարարության առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան, քանի որ բուհերում հետազոտական հատվածները թույլ են: Օրենքի նախագիծը միտված է նրան, որ հետազոտական ինստիտուտների ու բուհերի կապը սերտացվի, ուսանողը ընդգրկված լինի հետազոտական գործունեության մեջ:

Շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը հասարակական քննարկումների առիթ է դարձել: Այն նախատեսում է լուրջ բարեփոխումներ կրթության ոլորտում ամբողջությամբ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկ կա, ինչը միանշանակ չի ընդունվել:

Տեսանյութեր

Լրահոս