![](/banners/BeFunky-design.jpg)
«Դեռ պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմն անդրկուլիսային բանակցություններում ինչ արդյունքի կգան». Ռուբեն Սաֆրաստյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Ruben-Safrastyan0.jpg)
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն ունի՝ ինչպես Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ավելի լայն տարածելու և մեր սուրբ զոհերի հիշատակը ևս մեկ անգամ ոգեկոչելու առումով, այնպես էլ՝ քաղաքական:
«Դա մի փաստաթուղթ է, որը լայն տարածում ստացավ աշխարհում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա՝ հավելելով, որ այս փաստաթուղթն աշխարհով մեկ թուրքական քարոզչության պատասխանն է:
Ռ. Սաֆրաստյանը նկատեց նաև, որ չի կարելի անտեսել այն քաղաքական իրավիճակը, որը նպաստեց այդ բանաձևի ընդունմանը. «Այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում: Ամերիկյան քաղաքական վերնախավը դժգոհ է Թուրքիայից»:
Ըստ բանախոսի՝ այդ դժգոհությունը պայմանավորված էր սպառազինությունների բնագավառում թուրք-ռուսական համագործակցությամբ, Սիրիայի հյուսիսում պայմանավորվածությունների խախտմամբ:
Խոսելով թուրքական կողմի արձագանքներից՝ արևելագետը հիշեցրեց, որ, թեև հայտարարություններ եղան Ռ. Էրդողանի, ԱԳՆ-ի, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կողմից, այդուհանդերձ, դեռևս թուրքական կողմը պաշտոնական բողոքի նոտա չի ուղարկել.
«Սա շատ կարևոր հարց է. ես կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմն անդրկուլիսային բանակցություններում ինչ արդյունքի կգան: Նոյեմբերի 13-ին սպասվում է Էրդողանի այցն ԱՄՆ, որտեղ նա պետք է հանդիպի նախագահ Թրամփի հետ, ասվեց, որ գուցե այդ այցը չեղարկվի»:
Ի դեպ, Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ այս պահին այդ բանակցություններն ընթանում են, և հենց դրանց արդյունքները կորոշեն, թե Թուրքիայի արձագանքն ավելի կոշտ կլինի՞, թե՞ոչ», և կամ՝ այս բանաձևը կունենա՞ շարունակություն, թե՞ ոչ:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք այս գործընթացում որևէ դերակատարում ունեցել է հայաստանյան դիվանագիտությունը, նա պատասխանեց. «Ինձ համար պարզ է մի բան՝ եթե գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, և քննարկվում է մի բանաձև, որը վերաբերում է հայ ժողովրդի կարևորագույն հարցին, առանց ՀՀ-ի այդ գործը տեղից չէր շարժվի:
Հետաքրքիր է, որ այդ պահին այնտեղ ներկա է եղել Արցախի ԱԳՆ-ն. գուցե սիմվոլի՞կ է, գուցե ո՞չ, չեմ կարող ասել»:
Ամփոփելով խոսքը՝ բանախոսը վստահեցրեց, որ ԱՄՆ-ի կողմից տրված այս մեկնարկը կունենա շարունակություն այն առումով, որ մի շարք երկրներ կհետևեն ԱՄՆ-ի օրինակին:
Զարուհի Դիլանյան