
Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ևս մեկ գործողություն սկսել քրդական ուժերի դեմ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից: Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում Սիրիայում վերսկսելու ռազմական գործողությունը, եթե ահաբեկիչները 30 կիլոմետր տարածությամբ մոտենան Թուրքիայի սահմանին կամ շարունակեն գրոհները Սիրիայի ցանկացած այլ շրջանից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նա հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը նոյեմբերի 1-ին համատեղ պարեկման ձեռնամուխ կլինեն Սիրիայի հյուսիս – արեւելքում: «Ուրբաթ օրը մենք սկսում ենք ռուսների հետ համատեղ դաշտային գործողությունը: Այլ կերպ ասած, մենք ձեռնամուխ ենք լինում պարեկման»,- մեջբերում է France-Presse գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: