Բաժիններ՝

Իրազեկիչը, որն ԱՄՆ-ին օգնել է գտնել ալ Բաղդադիի հետքը, կստանա մինչև 25 մլն դոլար

Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Պաշտոնատար անձանց խոսքով՝ սպասվում է, որ նա կստանա ամերիկյան պարգեւատրման մի մասը կամ ամբողջ 25 մլն դոլարը, որը նախատեսված էր ալ Բաղդադիի գլխի համար»,-գրում է հրատարակությունը: Իրազեկիչի քաղաքացիությունը, ինչպես նաեւ անունը, չի բացահայտվում: Սակայն թերթի աղբուրներից մեկը հայտնել է, որ նա սուննի արաբ է, որը «դեմ է գնացել ԻՊ-ին, որովհետեւ խմբավորումն սպանել է նրա ազգականներից մեկին»: Իդլիբում ալ Բաղդադիի վերացման զինված գործողության ժամանակ իրազեկիչը գտնվել Է անմիջապես դրա անցկացման վայրում: Երկու օր անց նրան, իր ընտանիքի անդամների հետ միասին, դուրս են բերել տարածաշրջանից, գրում է թերթը:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք նշել են, որ իրազեկիչի տրամադրած տվյալները հանգուցային դեր են խաղացել գործողության անցկացման ընթացքում: The Washington Post-ի տեղեկատվության համաձայն, այդ մարդն սկզբում եղել է Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) «կարեւոր գործակալը», իսկ հետագայում սկսել է աշխատել ամերիկացի զինվորականների համար: ՍԴՈւ-ն ռազմականացված խմբավորում է, որը բաղկացած է հիմնականում քրդերից:

Այն համագործակցել է ԱՄՆ-ի հետ եւ ակտիվ մասնակցություն ունեցել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին: Հրատարակությունը նշում է, որ իրազեկիչը ոչ միայն ստույգ տվյալներ է տրամադրել ալ Բաղդադիի գտնվելու վայրի վերաբերյալ, այլեւ մանրամասնորեն նկարագրել է այն համալիրի հարկաբաժինների դասավորությունը թուրքական սահմանի վրա, որտեղ թաքնվել է ահաբեկիչների պարագլուխը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս