Բաժիններ՝

Գյումրիում մեքենաների մաքսազերծման համար կիլոմետրանոց հերթեր են

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, որ ավտոմեքենաների մաքսազերծման համար կիլոմետրանոց հերթեր են Գյումրիում,  աննախադեպ ակտիվություն է։

168.am-ի հետ զրույցում ավտոներկրողներն ասացին, որ սա սպասելի էր:

«Գնալով՝ մեքենաները շատանալու են: Մեքենաների հոսքի հետ միասին՝  նաև հերթերն են ավելացել: Այդ հերթերի հարցը կարելի էր շատ հեշտ լուծել, սահմանին մեքենայի VIN կոդը ֆիքսել ու ներկրողին չստիպել մեքենայով հասնել Գյումրի: Հասկանո՞ւմ եք՝ մեքենաները Գյումրի հասնում են զուտ նրա համար, որ մեկ անգամ դրա VIN կոդը նայեն: Մենք սա առաջարկել ենք կառավարությանը՝ նշելով, որ սեփականատերը թող չհասնի Գյումրի, մարդ կա՝ 10-15 մեքենա  է բերում, Երևանից էլ չհասցնի Գյումրի, միանգամից փաստաթղթերը տանի: Կարող էին համագործակցել, որ ավելորդ քաշքշուկ չստեղծեին մարդկանց համար»,- նկատեց ավտոներկրողներից Զորիկ Իգիթյանը:

Հավելենք, որ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:

Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, կամ, եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա՝ Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Սա վերաբերում է միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաներին, սակայն չի վերաբերում բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբում ներառված են մինչև 10 մարդ տեղափոխելու համար նախատեսված մարդատար (այդ թվում` բեռնամարդատար) տրանսպորտային միջոցները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս