«Ողբերգությունը հեռու չէ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չկարողացավ BBC-ին տրամաբանորեն հասկացնել, թե ինչ ենք ուզում մենք ի վերջո Արցախի հարցում»,- «168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Մնացականյանի պատասխանները ոչ թե դիվանագիտական էին, այլ՝ խուսափողական:
«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»,- ասաց նա՝ ընդգծելով՝ եթե Մնացականյանը չի կարողանում հակադարձել լրագրողներին, ապա ինչպե՞ս է հակադարձելու հակառակ կողմի արտգործնախարարին կամ գերտերությունների պաշտոնյաներին:
Հարցին, երբ ասվում է՝ որ «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար», իր համար պա՞րզ է՝ որն է այդ լուծումը, քաղաքագետը պատասխանեց. «Դա դեմագոգիա է, բոլորս հասկանում ենք, որ նման լուծում չկա: Չկա հստակ մշակված քաղաքականություն, թե ոնց ենք պատկերացնում արցախյան հարցում մեր մոտեցումները, մեր քաղաքականությունը: Դրա համար անընդհատ հակասություններ են լինում»:
Ադրբեջանից հնչող թուրք-ադրբեջանական սպառնալիքների ֆոնին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից, և արդեն հաշվարկները կան, որ հաջորդ տարի հակառակորդի բյուջեն նախատեսվում է հասցնել 2.27 մլրդ դոլարի, մերը՝ ըստ էության, բացարձակ չի աճում: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:
«Ադրբեջանի ռազմական բյուջեն միշտ է ավելի մեծ եղել, ավելին՝ կար ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար էր Հայաստանի ողջ բյուջեին, և դրանով ադրբեջանցիները երկար ժամանակ ոգևորված փորձում էին մեզ պարտադրել զիջողականություն բանակցային գործընթացի մեջ՝ ասելով, որ՝ մեր բյուջեն մեծ է, ամեն պահի կարող ենք զենքի ուժով այդ խնդիրը լուծել: Բայց ապրիլյան պատերազմին մենք տեսանք, որ դրանք հաղթաթուղթ չեղան: Բոլոր այդ թեզերը հենց նույն ապրիլյան պատերազմի ժամանակ ջախջախվեցին:
Հակամարտության էությունն ու բովանդակությունը, ամեն ինչ խոսում է այն մասին, որ միայն գումարով չէ, որ հարցերը լուծվում են: Բայց հույսը թողնել նրան, որ մինչև հիմա հնարավոր է եղել, ապագայում էլ է այդպես լինելու, իհարկե չի կարելի:
Մեր քաղաքական իշխանությունը, ըստ էության, չի պատկերացնում սպառնալիքների այն ծավալը, որ գոյացել է մեր տարածաշրջանում, և հարցը միայն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը չէ: Հարցն այն է, որ Թուրքիան արդեն կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի հետ, իրենց քաղաքական շահը կարողանում են առաջ տանել՝ անգամ դա հակադրելով ԱՄՆ շահին: Մենք դա տեսանք Սիրիայում, սա լուրջ խնդիր է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգային միջավայրն էականորեն փոխվել է:
«Եթե դու չես արձագանքում այդ փոփոխություններին, եթե հավելյալ միջոցներ չես ներդնում, որպեսզի կարողանաս ֆիզիկական անվտանգություն ապահովել, և եթե դու դրա մասին չես էլ մտածում (իսկ մենք տեսնում ենք, որ իշխանությունը դրա մասին չի էլ մտածում, ամեն ինչ թողնվել է մի քանի մարդու ուսերին և եղած ռեսուրսներով խնդիրները լուծելու հնարավորությանը), ապա ողբերգությունը հեռու չէ»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ ռուս-թուրքական մերձեցումը Սիրիայում, Թուրքիայի վերնախավից հնչող հայտարարությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:
«Ես վստահ եմ, ուշ թե շուտ Թուրքիան իր հայացքն ուղղելու է դեպի Հարավային Կովկաս: Թուրքիան հիմա Սիրիայում կարողանում է ստեղծել իր համար անհրաժեշտ անվտանգության գոտին, և դրանով անջրպետ կառաջանա Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև: Եվ երբ չեզոքացվում են հնարավոր ռիսկերն այդ ուղղությամբ, բնականաբար, հաջորդ քայլը, որ անելու է Թուրքիայի իշխանությունը, մեր տարածաշրջանին նայելն է»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ չպետք է հույսը դնել նրա վրա, որ Ռուսաստանը միշտ դեմ է լինելու այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում