«Ֆինանսների նախարարը չէ, որ գնահատական է տալիս այլ նախարարների աշխատանքի արդյունքներին». Տիրայր Վարդազարյան

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի գաղտնի հրամանով կրկնակի բարձրացվել են նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը:

«Հետք» պարբերականը գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Այդ հարցին նրա աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը հետևյալն է եղել.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Մինչ օրս, սակայն, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով են բարձրացվել աշխատավարձերը, քանի օր պատկան մարմինները տարբեր մեկնաբանություններով են հանդես գալիս, այնինչ օրենքը կարծես թե միանշանակ է:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է իրավագետ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրայր Վարդազարյանի հետ:

– Օրեր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի գաղտնի որոշմամբ 100 տոկոսով բարձրացվել են նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը: Ունե՞ր արդյոք վարչապետը դրա իրավունքը, թե՞ ոչ:

– Ընդունելի են կոռուպցիան կանխարգելելու և պաշտոնատար անձանց սոցիալական ապահովության խնդիրները լուծելու կառավարության ջանքերը, սակայն դրանք պետք է լինեն օրինական:

Ձեր նշած կատեգորիայի անձինք հանրային ծառայողներ են, ովքեր պետք է գործեն թափանցիկ և հաշվետու լինեն հանրությանը: Ուստի այդ անձանց աշխատավարձի չափերը սահմանվել են օրենքով, որ հասանելի լինեն բոլորի համար:

Հանրային ծառայողներն իրավունք ունեն նաև ստանալու պարգևատրում, որի առավելագույն չափն օրենքով սահմանված է հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Այս տեսանկյունից անհասկանալի է, թե ի՞նչ են նկատի ունեցել, երբ ասվում է, թե «աշխատավարձերը» բարձրացվել են 100 տոկոսով: Միանշանակ է, որ հիմնական աշխատավարձի չափը սահմանվել է օրենքով, և միայն տվյալ օրենքի փոփոխությամբ կարելի է վերանայել աշխատավարձի չափը:

Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է պարգևատրումներին՝ որպես լրացուցիչ աշխատավարձ: Ըստ օրենքի՝ պարգևատրումները տրվում են հանրային ծառայողին որոշակի դեպքերում՝ ըստ կատարած աշխատանքի արդյունքի: Այսինքն՝ պարգևատրումները պետք է տրամադրվեն աշխատանքի արդյունքները գնահատելուց հետո՝ աշխատանքի արդյունքների հիման վրա, սակայն անձը չի կարող նախապես պարգևատրվել, երբ աշխատանքը նույնիսկ դեռ չի կատարվել: Սրանով կանխակալ վերաբերմունք է ձևավորվում պաշտոնատար անձանց համար՝ համապատասխանաբար լավ կամ վատ: Բացի այդ, եթե նպատակը կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելն է, ստացվում է, որ որոշ պաշտոնատար անձանց դեպքում դա կանխարգելվում է, իսկ որոշների մոտ՝ ո՞չ: Եթե այդ անձինք պարբերաբար վատ են աշխատում, ինչո՞ւ չեն լքում պաշտոնը և փոխարինվում նորերով, ովքեր պատրաստակամ են և ի վիճակի են՝ թեկուզ առանց պարգևատրման աշխատելու նույն պաշտոնում սահմանված աշխատավարձով:

Աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարումը հանրային ծառայողի կողմից ինքնին չի կարող հիմք հանդիսանալ պարգևատրում ստանալու համար, եթե օրենքով սահմանված չափանիշերը բացակայում են, քանի որ բարեխիղճ աշխատելը պարտականություն է: Եթե անձը համաձայնել է կատարել աշխատանքը՝ նախապես իմանալով սպասվելիք աշխատավարձի չափի մասին, ապա այլ ակնկալիք չպետք է ունենա, իսկ պարգևատրումը պետք է լինի՝ ըստ կատարած աշխատանքի:

Ինչ վերաբերում է գաղտնիությանը, ապա դա պարզաբանվում է նրանով, որ որոշ նախարարների դեպքում իջեցվել է, և այդ հանձնարարականում առկա են անձնական տվյալներ: Այս տեսանկյունից կարելի էր չհրապարակել նշված անձանց տվյալները՝ ընտրելով հանձնարարականի համար այնպիսի եղանակ, որը կլիներ թափանցիկ և խախտման չէր հանգեցնի: Իսկ մնացած դեպքերում, ինչքանով ես եմ տեղյակ, կառավարությունում գաղտնի շրջանառվում են այն տեղեկությունները, որոնք պաշտպանված են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, իսկ աշխատավարձերը, ներառյալ՝ պարգևատրումները, այդ տեղեկությունների շրջանակից դուրս են:

– Վերադառնալով պարգևավճարների օրինականությանը՝ պաշտոնական մեկնաբանությունը եղավ այն, որ ոչ թե աշխատավարձի բարձրացում է եղել, այլ խրախուսանքի ձևով է արվել: Արդյո՞ք ըստ օրենքի՝ վարչապետն իրավունք ունի 30 տոկոսից ավելի պարգևավճար սահմանել:

– Օրենսդրությունը պարգևատրումների համար սահմանում է առավելագույն շեմ, որի չափը 30-ն է: Միաժամանակ 2019թ. պետական բյուջեի մասին օրենքով կառավարությանը թույլատրվել է շրջանցելու օրենքներով նախատեսված պարգևատրումների ֆոնդերի չափերը, եթե բյուջետային միջոցները կառավարվել են արդյունավետ: Այսինքն՝ առկա է կոլիզիա երկու օրենքների միջև, որն ԱԺ-ն պետք է կանխեր դեռևս 2019թ բյուջեի մասին օրենքը քննարկելիս: Եվ եթե անգամ առկա է հակասություն, ապա հանրությանը պետք է հիմնավորվեր ավել պարգևատրված պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետությունը, այլ ոչ թե գաղտնի կերպով օրենքները մեկնաբանվեին այնպես, որ հնարավոր լիներ շատ պարգևատրում վճարել:

Եթե պետական մարմինը միջոցներն արդյունավետ և խնայողաբար է օգտագործել, ապա կարող էր այդ միջոցների հաշվին պարգևատրել՝ ըստ «Բյուջեի մասին»  օրենքի: Այսինքն՝ նախ պետք է գնահատվի, թե արդյո՞ք նախատեսվածից քիչ ծախսելը եղել է աշխատանքի թերացման արդյունք, թե՞ նպատակին հասել են ավելի քիչ միջոցներով: Թափանցիկությունը ենթադրում է, որ հասարակությունը պետք է տեղյակ լիներ, թե որ նախարարներն են արդյունավետ կառավարել իրենց միջոցները, և արդյո՞ք խնայողությունները եղել են ի հաշիվ նպատակների թերակատարման: Հակառակ դեպքում ստացվում է, որ գործ չանելով՝ կարելի է գումար տնտեսել և պարգևատրում ստանալ: Մանավանդ, եթե ի սկզբանե, առանց աշխատանքի արդյունքը տեսնելու, արդեն որոշվել է պարգևատրումը:

– Ըստ էության աշխատավարձ բարձրացնելիս պետք է առաջնորդվեին «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքով, որը տվյալ ոլորտը կարգավորող օրենքն է։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ ինքն իրավաբան չէ, և առաջնորդվել են «Բյուջեի մասին» օրենքով: Այս հայտարարությունն արդյո՞ք խնդրահարույց չէ:

Նախորդ հարցերի պատասխանների տրամաբանությամբ պարզ է, որ ֆինանսների նախարարը չէ, որ գնահատական է տալիս այլ նախարարների աշխատանքի արդյունքներին, իսկ հանձնարարականի դեպքում Ֆինանսների նախարարը կարող էր ընկալել, որ առկա են 2019թ. բյուջեի մասին օրենքով սահմանված հիմքերը:

Տեսանյութեր

Լրահոս