Մնացականյանի «պատային» պարտիան

Անժխտելի ու աքսիոմատիկ է այն պնդումը, որ պետության արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը։ Այստեղից կարող են մի շատ կարևոր եզրահանգում անել. քանի որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականության իրագործման միջոց է, կոպիտ ասած՝ նրա կիրառման գործիքը, և քանի որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուրեմն` դիվանագիտությունը կոչված է հավասարաչափ լուծելու նաև երկրի ներքին խնդիրները։

Մի կարևոր դետալ ևս․ եթե պետության ռեժիմն ավտորիտար է, մանավանդ՝ տոտալիտար, ապա նրա արտաքին քաղաքականությունն ունի նմանատիպ միտումներ, միաժամանակ, եթե պետության ներքին քաղաքականությունը լիբերալ է և ժողովրդավարական, ապա այդ միտումները նկատվում են նրա արտաքին քաղաքականությունում։

Այստեղ, սակայն, մենք բախվում ենք պարադոքսալ, դիվանագիտական զավեշտի հասնող մի երևույթի։ Դեմոկրատիայի, մարդու իրավունքների և ազատությունների «միջնաբերդ» Ամերիկան, ինչպես նաև Անգլիան, միջազգային հարաբերություններում հաճախ հանդես են գալիս՝ որպես ավտորիտար, զավթողական քաղաքանության ավանգարդիստ։ Հարավսլավիա, Իրաք, Լիբիա, Աֆղանստան, Սիրիա… Սա  արևմտյան դեմոկրատիայի զոհ դարձած երկրների ու ժողովուրդների ամբողջական ցանկը չէ։

Նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը, որի ընթացքում քննարկվել էին մի շարք հարցեր՝ կապված արտաքին և ներքին հիմնախնդիրների հետ։ Եթե փորձենք գնահատել և վերլուծել Մնացականյանի հարցազրույցը, ապա ակնհայտ է, որ, մեղմ ասած, հարցազրույցը չափազանց անհաջող էր։

Մնացականյանը չկարողացավ ի ցույց դնել Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, որը կիրառվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Սակայն այս պարագայում պետք է ընդգծենք, որ նախարարի այս «անատամ» հարցազրույցի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով իր անընկալելի ու անլուրջ հայտարարություններով և ձախողված քաղաքականությամբ՝ ոչ միայն Մնացականյանին, այլև իր ողջ քաղաքական թիմին դարձրել է ոչ միայն՝ ներքին, այլև՝ միջազգային հանրության ծաղրանքի ու հեգնանքի թիրախ։

Հարցազրույցի հենց մեկնարկին պարզ էր, որ հաղորդավարը տրամադրված է թեժ հարցազրույցի, և նախարարի հենց առաջին իսկ պատասխանը լրագրողի մոտ սկզբում՝ զարմանք, ապա՝ հեգնանք առաջացրեց, ինչին էլ հետևեց տրամաբանական հարցադրումը՝ «իսկ դուք հին թիմի անդամ չե՞ք, ինչպե՞ս կարող եք խոսել նոր արժեքների ու նոր քաղաքական մոտեցումների մասին»։

Հասկանալի է, որ Ստիվեն Սաքուրը (լուրջ մասնագիտական փորձառություն է անցել դեռևս Չեխոսլովակիայի «թավշյա հեղափոխության» ժամանակներից, բավականին թրծվել մերձավորարևելյան թեժ գործընթացներում), ով լրագրության մեջ «մոնստրի» համբավ ունի, ամենայն խորությամբ էր պատրաստվել այս հարցազրույցին, քանի որ ունի բազմամյա փորձ և միջազգային քաղաքական իրադարձություններին հետևում է տևական ժամանակ։

Բնական է, որ հաղորդման ձևաչափն այնպիսին է, որ հարցերը պետք է լինեին սուր և «կծող», բայց այստեղ մի տարրական հարց է առաջանում. ՀՀ հարգարժան նախարարը, ով ունի բազմամյա դիվանագիտական փորձ և, բնականաբար, սովոր է միջազգային լսարանի առջև հանդես գալ ելույթով, մի՞թե չգիտեր, որ պետք էր խորքային պատրաստվել հարցազրույցին՝ նման անհարմար իրավիճակում չհայտնվելու համար:

Չնայած, մեծ հաշվով, պրոֆեսիոնալ դիվանագետը չունի նախապատրաստության կարիք, քանզի նա պարտավոր է ցանկացած հարցի տալ եթե ոչ՝ կոնկրետ, ապա՝ հոդաբաշխ դիվանագիտական պատասխան։ Ցավոք, մենք ականատեսը չեղանք այդ պրոֆեսիոնալիզմին:

Մեր հարգարժան արտգործնախարարը նախ կուլ տվեց, ասել է թե՝ ընդունեց Սաքուրի կողմից հնչեցված այն ձևակերպումը, թե՝ «հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»:

Այսինքն՝ ի՞նչ՝ ընդունե՞ց, որ մեր Զինված ուժերը չարաշահումներ են թույլ տվել. նա իր երկար ու կրկնվող խոսքում ոչ մի բառ չասաց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացության, ի վերջո՝ ապրիլյան ռազմական գործողությունների ու Ադրբեջանի՝ մեր քաղաքացիական և զինվորական անձանց նկատմամբ իրականացրած վայրագությունների՝ խոշտանգումների, գլխատումների մասին:

Կարող ենք տրամաբանել, որ՝ եթե ընդամենը մի փոքր ավելի փորձառություն ունեցող լրագրողին տված հարցազրույցում է նման ցայտնոտային իրավիճակ, ապա ի՞նչ կարող է լինել դռնփակ բանակցությունների ժամանակ (պատկերացնելն անգամ սարսափեցնում է)։

Դժվար թե ԱԳ նախարարը չգիտեր, թե ուր է գնում, ինչ հաղորդման է մասնակցելու, և հնարավոր ինչ հարցեր կարող էին շոշափվել այնտեղ, ուստի նա պետք է լավագույնս պատրաստվեր դրան։ Հակառակ պարագայում՝ կամ չպիտք է գնար այդ  հաղորդմանն ընդհանրապես, կամ՝ եթե չունես մտքի ճկունություն և պողպատե նյարդեր, ի՞նչ գործ ունես արտգործնախարարի աթոռին։

Մնացականյանի խոսքում լսեցինք՝ «ասֆալտը փռեցինք, ծառատունկն արեցինք, փողով ճամպրուկները հետ ուղարկեցինք, և այլ ցուգցվանգային ծեծված արտահայտություններ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ նման հայտարարություններն արվում էին Արցախի ինքնորոշման մասին պնդումից խուսանավելու համար։

Ու ակնհայտ էր, որ նախարարը կաշկանդված էր, և կաշկանդված էր ուրիշի կարծիքով, նա խոսում էր բաներ, որն իրենը չէին ու իր համար էլ են խորթ։

Մի առանցքային փաստ ևս․ նախարար Մնացականյանը բացահայտորեն չկարողացավ որևէ լուրջ պատասխան տալ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության վերաբերյալ հարցին։ Ավելին՝ նա նախ՝ չկարողացավ մեկնաբանել, բացի այդ՝ չկարողացավ նաև դիվանագիտորեն շրջանցել այդ հարցի հետ կապված որևէ պատասխան։

Համաձայնեք՝ լուրջ իրավիճակ է, երբ արտաքին գործերի գերատեսչության պատասխանատուն չի կարողանում հիմնավորել իր վերադասի կողմից «անհասկանալիորեն» շրջանառության մեջ դրված գաղափարը, ինչն իր հերթին՝ վկայում է, որ պետությունը տեղում չէ, կամ կառավարման համակարգ ուղղակի գոյություն չունի։

Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին, ապա այստեղ բացակայում են քաղաքական օրակարգն ու հստակ ստրատեգիան։

Արմեն Հովասափյան

 ՀԳ ՀՀ ԱԳՆ-ն պետք է այնքան ուժեղ ու «մարտունակ» լինի, ինչպես երկրի բանակը, սակայն, ցավալիորեն, նախօրեի հարցազրույցից նման զգացողություն բացառապես չկար։

Տեսանյութեր

Լրահոս