
ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ դատաիրավական բարեփոխումներին. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Մարիա Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծել, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, խոսել նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով։
Կողմերը քննարկել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շեշտել է, որ, ելնելով իր երկրի փորձից, պատկերացնում է առկա բարդությունները և անթույլատրելի համարել բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը։