Բաժիններ՝

«Մարտահրավերն ընդունում եմ, հարգելի’ վարչության պետ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Քաղաքապետարանի աշխատակցին

Այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկում է տեղի ունեցել հ. 92 մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի պաշտոնական էջից:

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, նա մասնավորապես ասում է, որ իրեն չեն հրավիրել քննարկմանը, բացի այդ՝ ներս չեն թողել մասնագետի՝ պատճառաբանելով, թե անունը չկա ցուցակներում:

«Զայրանալ, թե զարմանալ, թե…

Այսօր թիվ 92 մանկապարտեզի խնդրի վերաբերյալ քաղաքապետարանը քննարկում էր կազմակերպել, և ինձ չէին հրավիրել, իհարկե, իրենք մասնագետ և լիազոր մարմին են, իսկ ես ոչ մասնագետ եմ, ոչ լիազորություն ունեմ։ Երևի պարբերաբար որոշ անձանց պետք է հիշեցնել, որ խորհրդարանական երկրում ենք ապրում։

Սա դեռ ամենը չէ.

Երեկ խոսելով ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ, տեղեկացնում ենք մի քանի մասնագետների, ովքեր կարող են մասնագիտական գնահատական տալ՝ վարքային կարիքներով, հիպերակտիվ և աուտիզմ ունեցող երեխաներին կարելի է «կապել» աթոռին և պարապել, թե խստիվ արգելվում է։ Եվ ի՞նչ։ Լենա Հարությունյանը, ով TMM կենտրոնի տնօրենն է, գնացել է քաղաքապետարան քննարկմանը մասնակցելու, և իրեն ներս չեն թողել` պատճառաբանելով, որ անունը չկա։ Զանգահարեցի փոխքաղաքապետին և կրթության վարչության պետին, ովքեր զանգերիս չպատասխանեցին։ Այնուհետև խոսեցի անցակետի աշխատակցի հետ՝ բացատրելով, որ ես և փոխնախարարն ենք հրավիրել, բայց դա էլ բան չփոխեց։ Մարդուն դռների մոտ երկար սպասեցնել են տվել, զեկուցել վարչության պետին, ով անկոռեկտ կերպով գոռգոռացել է՝ «ով հրավիրել է, պահանջդ նրան ներկայացրու», այդպես էլ ներս չեն թողել՝ այն դեպքում, երբ հանդիպմանը եղել են բավականին մեծ թվով մարդիկ։ Սա անհարգալից վերաբերմունք է և իմ, և փոխնախարարի, և Լենայի նկատմամբ, ով նվիրյալ է և օրնիբուն աշխատում է երեխաների ապահով զարգացումն իրականացնելու համար։

Մարտահրավերն ընդունում եմ, հարգելի’ վարչության պետ։ Դուք չսովորեցիք հարգել մարդկանց և երբեք էլ հարգանք չակնկալեք ինձանից, և կրթության վարչությունը չի կարող ղեկավարել անկոռեկտ անձը։

Քննարկման մանրամասներին ծանոթանալուց հետո, կարտահայտվեմ հաջորդիվ»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը:

Նշենք նաև, որ քննարկման ընթացքում մասնագետներն ընդհանուր հայտարարի չեն եկել՝ պե՞տք է արդյոք երեխաներին ամրակապել, թե՞ ոչ: Ստորև ներկայացված է Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը քննարկման մասին:
«Օրեր առաջ սոցիալական ցանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Երևանի թիվ 92 մանկապարտեզի երեխաներն էին՝ կապված աթոռներին:

Դեպքը առիթ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվի նեղ մասնագիտական քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ, բժիշկներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական կառույցների անդամներ:

«Խնդիրը շատ նուրբ է, և կուզենայի, որ այս բազմաշերտ մասնագիտական խմբով փորձենք խնդրին համապատասխան լուծում տալ: Չնշելով, որ մանկապարտեզը ներառական է, համացանցային հրապարակումից տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում է կիրառվում նման մոտեցում, ինչի հետևանքով մենք մեծ աղմուկի բախվեցինք: Օգտագործելով այս երեխաներին՝ փորձ արվեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների կառավարման համակարգի վրա ստվեր գցել, ինչն ուղղակի անընդունելի է: Բնականաբար, այս ընթացքում այցելություններ են եղել մանկապարտեզ: Մենք պետք է հարգենք երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները` համապատասխան պայմաններ ստեղծելով երեխաների համար»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը՝ ոչ մասնագետներին հորդորելով զերծ մնալ մասնագիտական կարծիքներ արտահայտելուց:

Քննարկման ընթացքում նշվել է, որ 2015 թվականից ներառական 3 խմբով աշխատող թիվ 92 մանկապարտեզ հաճախում է տարբեր խնդիրներ ունեցող 24 երեխա: Նրանցից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս անվասայլակներով: Նստարանները, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, մանկապարտեզին տրամադրել էր «Արբես» առողջապահական կենտրոնը: Հանդիպմանը ներկա կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Զաքարյանը նշել է, որ աթոռակները հատուկ մասնագիտական չեն, բայց փորձել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հնարավորինս հարմար դարձնել: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով էլ՝ դա արվել է երեխաների անվտանգության նկատառումներով:

«Ես չեմ բացառում, որ կրթական ոլորտում կան խնդիրներ, բայց երբ այն միանգամից և առանց ճշգրիտ տեղեկատվության սոցիալական ցանցերի քննարկման առարկա է դառնում, սա ոտնահարում է առաջին հերթին՝ երեխաների իրավունքները»,- ընդգծել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին՝ նշել է, որ լուսանկարները տեսել է նախքան հրապարակումը, իսկ համացանցում հայտնվելուց հետո շտապել է մանկապարտեզ: Փոխնախարարի խոսքով՝ լինելով կրթական ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, նախարարությունը կարևորում է խնդիրների վերհանումը, դրանց շուրջ քննարկումները:

Պե՞տք է արդյոք երեխաներին ամրակապել, թե՞ ոչ: Մասնագետներն այս հարցում միակարծիք չեն: Սակայն խոսելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդաբանության մասին՝ քննարկման մասնակիցները փաստել են, որ բռնության որևէ դրսևորում չի կարող դրանց մաս կազմել:

Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն մասնագիտական գույքի թարմացման ուղղությամբ:

Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, և տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ»,- գրված է Քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս