Ինչ համաձայնություններ ձեռք բերեցին Պուտինն ու Էրդողանը Սիրիայի շուրջ, ինչ դասեր պետք է քաղի Հայաստանը

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին բանակցությունների ընթացքում հաջողվել է ընդունել, իրենց իսկ բնորոշմամբ, ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրին պետք չեն օտար տարածքներ: Նա ակնկալում է, որ հոկտեմբերի 23-ից սկսած այս երկրում քրդական բոլոր ուժերը կգտնվեն Թուրքիայի սահմանից 30 կիլոմետրանոց գոտուց դուրս: Իր հերթին՝ Պուտինը շեշտել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չպետք է խոչընդոտի հանրապետության սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին, որի մեկնարկը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Նա հավելել է, որ երկիրը պետք է ազատագրվի ապօրինի օտարերկրյա ներկայությունից, իսկ Սիրիայի հյուսիսի խնդիրը, որտեղ տեղի է ունենում թուրքական գործողությունը, չի կարող լուծվել՝ առանց Դամասկոսի և Անկարայի միջև փոխադարձ հարգալից երկխոսության:

Ըստ ռուս-թուրքական համաձայնագրի՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք- սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս, քրդական ուժերը ստանում են 150 ժամ՝ մոտ վեց օր, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերը սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝ դեպի արևելք, և նույնքան՝ դեպի արևմուտք:

Ուշագրավ հանգամանք է այն, որ որպես շփման գիծ՝ հաշվում են ոչ թե դե յուրե սահմանը Սիրիայի և Թուրքիայի միջև, այլ այն գիծը, որից արևելք Թուրքիան հայտարարել է անվտանգության գոտի, և սա՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Համաձայնագրով նախատեսված է բոլոր քրդական ուժերը դուրս բերել Մանբիջից և Թալ Ռիֆաթից: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը չի քննարկվել:

Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել Է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց: Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայում ռազմական գործողությունների հետ կապված՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Սակայն Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ողջունում են ռազմական գործողությունների դադարեցումը և լիարժեք հրադադարի հույս ունեն: «Բայց նախագահը հստակ հասկացրեց, որ առաջիկա օրերին Թուրքիայի նկատմամբ ավելի լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի: Դա նշանակում է, որ մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմ կհաստատվի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Մեզ հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի գլխավոր խաղացողը միայն մակերեսին էր Թուրքիան, սակայն ազդեցիկ խաղացողներն էին Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը ուղղորդեց և այնպիսի քաղաքականություն վարեց Թուրքիայի և քրդերի հետ, հերթականությամբ ճնշում գործադրելով նրանց նկատմամբ, որը հնարավոր դարձրեց այն որոշումը, որը կայացվեց Սոչիում:

«Ամերիկացիները ճնշում էին թուրքերի և քրդերի նկատմամբ օպերացիայի մեկնարկից առաջ, իսկ օպերացիայից հետո սկսեցին սպառնալ թուրքերին պատժամիջոցներով՝ թողնելով Էրդողանին միայն հնարավորության միջանցք՝ պայմանավորվել Պուտինի հետ, և նա եկավ Պուտինի մոտ, ով էլ կանգնեցրեց այդ օպերացիան:

Իհարկե, հարկ է վերլուծել, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը չկարողացավ կանգնեցնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, և դա արեց ոչ ՆԱՏՕ-ի անդամ Ռուսաստանը, բայց դա շատ ավելի ապագայի թեմա է: Առանց կասկածի, այս ամենում եղել է ռուս-ամերիկյան ալյանս, և Թուրքիան հնարավորություն ուներ դառնալ առանցքային խաղացող այս ամենում, սակայն դարձավ ընդամենը երկրորդական խաղացող:

Բոլոր ցուցիչներով գլխավոր տերության էստաֆետը Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներինն է, թեև թուրքերը հնարավորություն ունեին իրականացնելու այդ դերակատարությունը, սակայն նրանց սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրեց քրդական գործոնի ամրապնդմանը միջազգային հարաբերություններում և ռուսների ներկայությանը Սիրիայում: Ներկայումս ուժերի դասավորությունը փոխվում է, ի դեպ, այն վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այն վերաբերելու է նաև ողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Անդրկովկասին»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ չի ցանկանում կրկնել այն մեղադրանքները, թե ամերիկացիները թողեցին քրդերին բախտի քմահաճույքին: Վերլուծաբանի համոզմամբ՝ ամերիկացիները քրդերին չեն դավաճանել, նրանք իրականացրել են վերատեղակայում:

«Նրանք ստեղծեցին իրավիճակ, երբ քրդերը սկզբից մեծ աշխատանք իրականացրին ԻՊ-ի դեմ պայքարում, իսկ ներկայումս նրանց ուղղորդեցին դեպի Դամասկոս, և կառավարական զորքերը ստորագրեցին համաձայնագիր, փաստորեն սիրիական քրդերը հայտնվեցին Դամասկոսի և Մոսկվայի վերահսկողության տակ, իսկ ներկայումս ամերիկացիները հետ գնացին Իրաք, որտեղ Բաղդադը նրանց թույլ է տալիս տեղակայվել ողջ երկրի տարածքում, այդ թվում՝ Էրբիլում: Այսինքն՝ սիրիացի քրդերը՝ Մոսկվայի և Դամասկոսի վերահսկողության տակ, իսկ իրաքյան քրդերը՝ ամերիկացիների, այս ձևով Թուրքիայի մանևրելու հնարավորությունները՝ ինչպես սիրիական ուղղությունից քրդական հարցով, այնպես էլ՝ իրաքյան ուղղությունից, սահմանափակված են:

Սա նշանակում է, որ սահմանադրական հանձնաժողովի ապագան, որը պետք է աշխատի Ժնևում, պետք է հստակեցնի քրդերի կարգավիճակը, ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի քրդական հարցը դուրս բերեն մեծ քաղաքականություն, քանի որ բոլոր արևմտյան ղեկավարներն առաջարկում էին Էրդողանին բանակցել քրդերի հետ, իսկ նա հրաժարվում էր, Մոսկվան առաջարկում էր շփվել Դամասկոսի հետ, նա հրաժարվեց, բայց կարծես դա արդեն կա օրակարգում: Թուրքիան այս պարտիան պարտվեց, քրդական հարցն ակտուալ է, քրդական պետականության հարցը կա, բայց թե տեխնիկապես ինչպես այն կկազմակերպվի, դա կտեսնենք ապագայում»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով հարցին, թե ում վերահսկողության տակ են մնալու այն տարածքները, որոնք Սիրիայի հյուսիսում գրավել է Թուրքիան, Տարասովը պատասխանեց, որ նման գոտի ստեղծելու էրդողանի առաջնային նպատակն այն էր, որ քրդերի և Թուրքիայի միջև լիներ այն: Իսկ ներկայումս, ըստ նրա, այդ գոտին ստեղծելու նպատակով գրավված տարածքները պահելու իմաստ այլևս չկա: «Նա հայտարարում էր, որ սիրիական քրդերի դեմ է իր օպերացիան, իսկ սիրիական քրդերը ներկայումս սիրիական բանակում են տեղակայվել, և այնտեղ սիրիական բանակն է, Թուրքիան չի պատերազմելու Սիրիայի դեմ:

Կա փախստականների հարցը, որոնք պետք է տեղավորվեն այնտեղ, բայց այդ տեղավորելը տեղի չի ունենա տարածաշրջանի իրավական կարգավիճակի փոփոխության միջոցով, քանի որ Պուտինը ստիպել է Էրդողանին ճանաչել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և բարենպաստ զարգացումների դեպքում Էրդողանը նահանջելու է իր սկզբնական դիրքեր: Այստեղ հարց է առաջանում, թե ի սկզբանե ի՞նչ էր անում Էրդողանը Սիրիայում՝ այդքան զոհ, պատերազմ, ցնցում, սկանդալներ, իսկ ի՞նչ նպատակի հասավ Թուրքիան:

Թուրքական դիվանագիտությունը ցույց տվեց բազմակոմբինացիոն խաղ, մանևրելու արվեստ, նրանք նաև պրիմիտիվ խաղացին, ամերիկացիների հետ ռուսական քարտն էին խաղարկում, ռուսների հետ՝ ամերիկյան, իսկ երբ Պուտինը Թրամփի հետ պայմանավորվեց, սկսեցին միասին գործել, Էրդողանը հայտնվեց նմանատիպ իրավիճակում:

Այս որոշումն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հաղթանակն է: Այդ մասին բարձրաձայն չեն խոսում, քանի որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տեղեկատվական պատերազմ է ընթանում, պատժամիջոցներ կան, բայց սիրիական ուղղությամբ օրերս Շոյգուն էր խոսում, որ տարածաշրջանում անվտանգությունը պետք է ամրապնդել երեք երկրների ջանքերով՝ Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ, ըստ էության այդպես էլ եղավ»,- նման կարծիք հայտնեց Ստանիսլավ Տարասովը:

168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այլ կարծիք հայտնեց: Նա նշեց, որ, մեծ հաշվով, ԱՄՆ-ը այս գործընթացում գլոբալ խաղացող չէր և չէր կարող լինել, քանի որ այստեղ գլոբալ խաղացողները Թուրքիան էր, Ռուսաստանը և Իրանը:

«Այս առումով կողմերն ունեն արդեն որոշակիորեն ձեռք բերված պայմանավորվածություններ և կարծես թե բավականին արդյունավետ են համագործակցում: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ որևէ պարագայում չի պատրաստվում գեթ մեկ ամերիկյան զինվորականի կյանք վտանգել այլ պետությունների և խմբավորումների բախումների պատճառով: Խոսքն այստեղ, բնականաբար, նաև ահաբեկչական խմբավորումների մասին է: Այնպես որ, ԱՄՆ-ը սկզբից իր սկզբունքային դիրքորոշումը ներկայացրել էր՝ ասելով, որ որևէ ցանկություն չունի ներգրավվածություն ունենալ սիրիական ճգնաժամում, եթե ինչ-որ բանում կարողանա՝ կօգնի, իսկ եթե ոչ՝ չի անի:

Հայտարարել է նաև զորքը դուրս բերելու մասին՝ գիտակցելով, որ, եթե ԱՄՆ-ը դուրս է գալիս, հիմնական խաղացող է դառնում Ռուսաստանը, բայց կարծես թե դա առանձնապես չի էլ հետաքրքրում Թրամփին, որովհետև նա չի ցանկանում այստեղ ունենալ զինվորական կոնտինգենտ և դուրսբերման վերաբերյալ հայտարարել էր բավականին վաղուց: Կողմերը պատրաստ էին, գիտեին, որ ԱՄՆ-ը դուրս է գալու Սիրիայի տարածքից:

Վերջին պահին Միացյալ Նահանգներն ընդամենը բանակցեցին քրդերի հետ, որպեսզի նրանք առանց ճակատամարտի՝ զիջեն Թուրքիային այն բուֆերային հատվածը, որը Թուրքիայի համար, ըստ Էրդողանի, սկզբունքային նշանակություն ունի պետության անվտանգությունը, սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Այնպես որ, մի փոքր այսպիսի ներդրմամբ ԱՄՆ-ը դուրս եկավ մերձավորարևելյան թնջուկից՝ դուրս բերելով նաև իրենց զորքը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ քրդերին դավաճանելու մասին մեղադրանքներ ԱՄՆ-ին ուղղվում են ոչ միայն Ռուսաստանից, այլ երկրներից, այլև հենց ԱՄՆ-ի նախագահի քննադատների կողմից, Թրամփին մեղադրում են իրենց ռազմավարական դաշնակցին դավաճանելու մեջ, բայց այստեղ, իհարկե, Թրամփն էլ արդարանալու տեղ ունի, նա բազմիցս է հայտարարել, որ այս պատերազմն ԱՄՆ-ի պատերազմը չէ, և այստեղ չի պատրաստվում զինվորականների կորուստներ ունենալ այլ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Իհարկե, սա տրամաբանական ու ընկալելի է, թե ինչպես դրան կվերաբերվեն այլ պետություններ, այլ գործիչներ, Թրամփին չի հետաքրքրում: Թրամփը ներկայումս կենտրոնացած է իր վերընտրվելու գործընթացի վրա, և քաղաքական բոլոր գործընթացները, որոնք ԱՄՆ-ում տեղի են ունենում, պետք է դիտարկել հենց այս տրամաբանության ներքո՝ հաշվի առնելով, որ Թրամփը պատրաստվում է վերընտրվել»,- նշեց Ս. Սարգսյանը:

Ըստ նրա՝ եթե որոշ շրջանակներ փորձեն ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունն օգտագործել Թրամփին հեղինակազրկելու համար այն առումով, որ քրդերի հետ պայմանավորվածությունները Թրամփը չպահեց, դավաճանեց քրդերին, կարող են, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ քրդերի հետ պայմանավորվածություններ ձեռք է բերել ոչ թե Թրամփը, այլ նախորդ վարչակազմը:

«Մեծ հաշվով, Թրամփը շարունակել է համագործակցությունն ընդհանուր թշնամու դեմ՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով զինել է քրդերին, Թրամփը մեծ հաշվով չի ասել, որ քրդերն իրենց համար մնայուն ռազմավարական դաշնակից են, և պետք է այդպես լինի միշտ»,- ասաց նա:

Խոսելով դասերի մասին, որոնք սիրիական զարգացումներից պետք է քաղի Հայաստանը, Սարգսյանն ասաց, որ ցանկացած միջազգային գործընթաց կարելի է պրոյեկտել մեր տարածաշրջանի, մեր դիրքերի վրա՝ հատկապես, երբ Սիրիան մեզանից այնքան էլ հեռու չէ, մենք էլ որոշակի ներգրավվածություն ունենք Սիրիայում, և մանավանդ հաշվի առնելով, որ Սիրիայում գործող պետությունները կամ մեր թշնամիներն են, կամ մեր ռազմավարական դաշնակիցներն են, կամ բարեկամ հարևաններն են: «Իհարկե, այստեղ խաղացողները չափազանց կարևոր են, և մենք էլ պետք է հետևենք, կառուցենք մեր տեսլականը, ռազմավարությունը՝ հիմնվելով այս ամենի վրա»,- ասաց նա:

Իր հերթին՝ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ հայկական կողմը պետք է ավելի ակտիվ գտնվեր, ավելի ակտիվ, քան Ռուսաստանը, ունենալով մեծ հայ համայնք Սիրիայում, գտնելով Սիրիայից ոչ այնքան հեռու, մոտ տարածաշրջանում:

«Հայտարարությունների, հռչակագրերի մակարդակով, գոնե թղթի վրա պետք է ակտիվ դիվանագիտություն վարեր: Հայկական ղեկավարությունն անտեսեց Մերձավոր Արևելքը, թեև իրադարձությունները զարգանում են 150 կիլոմետր հայկական սահմանից այն կողմ, սակրավորներին ՀՀ իշխանությունը նոր է ուղարկել, իսկ իրականում Էրդողանը բազում հարցեր էր բարձրացնում, այդ թվում՝ հայկական, հայերը պատերազմում էին սիրիական ինքնապաշտպանական ուժերում, Հայաստանը Մերձավոր Արևելքում հայտնվեց խաղից դուրս, ինչը պարադոքս է: Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես դիրքավորի իրեն աշխարհում՝ այս կամ այն միջազգային խնդրում, ինչը շատ կարևոր է այն երկրի համար, որն ունի խնդիրներ»,- ասաց Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս