«Ռուս-թուրքական օրակարգում ներկայումս Ղարաբաղյան թեմա չկա». Փորձագետ
«Կարծում եմ՝ այս փուլում Թուրքիան բավարարվելու է նրանով, ինչ կարողացավ գրավել գործողությունների առաջին տասնօրյակի ընթացքում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին Հարավային Կովկասում:
Ջենգիզ Աքթարի խոսքով՝ Էրդողանի քայլերը Մերձավոր Արևելքում կանխատեսելի էին, որով Թուրքիայի ամենաբարձր իշխանությունը փորձում է մի քանի խնդիր լուծել՝ հաղթական փուլ մտցնել պայքարը քրդերի դեմ, ընդլայնել սահմանները՝ վերադառնալով անցյալին և բարձրացնելով իր հեղինակությունը հանրության որոշ շրջանակների ու շերտերի մոտ: Բայց, ըստ նրա, լիովին անտեսել Արևմուտքի արձագանքը Թուրքիան չի կարող:
«Սա թուրքական գործողության համար բարենպաստ փուլ էր, որում Թուրքիան Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված է գործում առավելապես, քան հակառակը: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ այս փուլում Թուրքիան բավարարվելու է նրանով, ինչ կարողացավ գրավել գործողությունների առաջին տասնօրյակի ընթացքում: Թեև քրդերի հետ ուղիղ բանակցություններից Էրդողանը խուսափում է՝ նրանց անվանելով ահաբեկիչներ, միջնորդավորված բազմակողմանի բանակցություններ են ընթանում սիրիական հակամարտության բոլոր խաղացողների միջև, և համաձայնությունների որոշակի տեսլական կա, հենց այդ պատճառով չեմ կանխատեսում նոր արյունալի փուլ, սակայն բանակցությունների ընթացքում սակարկելու համար կարող են լինել որոշակի ապակայունացումներ, սակայն՝ ոչ երկարաժամկետ: Վերջին օրերի զարգացումներից երևում է, որ սիրիացի քրդերը չեն ցանկանում շուտ հանձնվել, փորձում են բանակցել թե ամերիկացիների հետ, եզրեր գտնել ռուսների և սիրիական ազատ բանակի հետ, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում զարգացումները և երկարաձգում դրանք»,- ասաց Աքթարը:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական համագործակցությանը, որը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության գոտում զարգացումների վրա, թուրք վերլուծաբանն ասաց, որ, չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ Թուրքիան այս ուղղությամբ ծրագրեր չունի:
«Թուրքիան ներկայումս կլանված է Սիրիայում: Բոլոր հայտարարությունները, թվացյալ հավակնությունները պայմանավորված են Ադրբեջանի ցանկությամբ և ակնկալիքներով, իսկ Ադրբեջանից Թուրքիան ունի կախվածություն, որի դիմաց որոշ հարցերում զոհաբերում է: Թեև ԼՂ հակամարտության բացակայության դեպքում, նույնիսկ չեմ կարծում, որ կլինեին հայ-թուրքական առողջ հարաբերություններ, քանի որ այս իշխանությունը չի կարողանում իր հարևանության հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել իր հավակնությունների պատճառով: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական օրակարգին, ապա դրանում Ղարաբաղյան թեմա, ըստ իս, ներկայումս չկա: Այդ համագործակցությունը մի փոքր ավելի գլոբալ է, առավելապես Ռուսաստանի կողմից՝ ուղղված Արևմուտքի դեմ: Պարզապես ադրբեջանական գործոնը կա թե Թուրքիայի, թե Ռուսաստանի դեպքում, բայց եթե այն լիներ իսկապես հզոր, ապա հակամարտությունը կկարգավորվեր հօգուտ Ադրբեջանի:
Իսկ նման սցենարի բացակայությունը նշանակում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է գլխավոր միջնորդ Ռուսաստանի Դաշնությանը, ով մշտապես խաղարկում է այս հակամարտությունը, և իրերի ներկայիս դրությունն առավելապես ձեռնտու է համարյա կողմերին, քան դրա փոփոխությունը, քանի որ կարգավորումը ենթադրում է իրավիճակի փոփոխություն հակամարտության բոլոր կողմերի համար»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Անդրադառնալով օրերս Բաքվում Թյուրքալեզու պետությունների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հնչեցրած հակահայկական մեկնաբանություններին և իրական վտանգներին՝ քաղաքագետն ասաց, որ դրանք մոտալուտ վտանգի մասին կանխատեսում անելու հիմք չեն տալիս: «Սա այս ղեկավարների սովորական հռետորաբանությունն է տվյալ թեմայի շուրջ, այն նոր չէ, համապատասխանաբար նոր ոչինչ չկա»,- ասաց նա: