Բաժիններ՝

«Էլ Ճանապարհային ոստիկանություն ունենալու իմաստը ո՞րն է, ավելի լավ է՝ փողը տան մարդկանց, մարդիկ էլ անեն այդ գործը». «Վարորդի ընկեր» հ/կ

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով, փոխանցել ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց ձայների 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկների հիման վրա նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվել է, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Այսինքն` լինելու է սահմանափակում:

«Տեսլականին կողմ եմ, որ մաքսիմալ վերահսկելի պետք է լինի երթևեկությունը, բայց կարծում եմ, որ այս օրենքը վաղաժամ վախճան է ունենալու՝ իր շատ թերի ու հակասական լինելու պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

«Թերությունները շատ-շատ են, հիմնականն այն է, որ հաշվարկված չէ, թե քանի՞ վարորդի համար է նախատեսված, ու իմ հաշվարկով՝ մոտ 3-5 հազար, ինչը կազմում է մեր երկրում վարորդների մոտ 1-2%-ը: Դա այնպիսի չնչին թիվ է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է կարողանա վերահսկել, իսկ եթե չի կարողանում, էլ Ճանապարհային ոստիկանություն ունենալու իմաստը ո՞րն է: Ավելի լավ է՝ փողը տան մարդկանց, մարդիկ էլ անեն այդ գործը: Երկրորդ խնդիրն այն է, որ հեռախոսի հավելվածով է նկարվելու, իսկ դա իր ռիսկերն ունի, օրինակ՝ վարորդը ղեկը թողնի, սկսի նկարել, կամ ասի՝ ուղևորն է նկարել, իսկ մեքենան աջ ղեկով լինի, ստացվի՝ իրոք վարորդն է:

Կարդացեք նաև

Այս դեպքում անվտանգության հարցը լուծելու փոխարեն՝ խնդիր ենք ստեղծում: Եվ երրորդ, օր է գալու, որ մարդիկ դրա համար փող են ուզելու, որի հետ մեկտեղ՝ սկսվելու է այն, որ կհայտնվեն մարդիկ, ովքեր արհեստականորեն նման իրավիճակներ կստեղծեն՝ գումար աշխատելու համար:

ԱՄՆ-ը ձեզ օրինակ: Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ են խախտումներ անում արտոնյալ վարորդները՝ դեսպանատների, Պաշտպանության նախարարության կամ Ոստիկանության, և այլն: Ու մեկ է՝ իրենց այս ամեն ինչը չի վերաբերում: Նաև չի լուծվել վարորդի ինքնությունը պարզելու հարցը. մեկ է՝ ակտը գնալու է մեքենայի սեփականատիրոջը»,- նկատեց Դավիթ Պեդանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս