ՔԿԾ-ն չի մեկնաբանում, թե Ծառայության հոբելյանին ինչո՞ւ հրավիրված չէին նախկին ղեկավարները
Խարդախության համար դատապարտված և Հրազդան ՔԿՀ-ում պատիժը կրող Աշոտ Իսախանյանը, ով ներկայանում է՝ որպես Արցախի հերոս, շարունակում է համացանցում գրառումներ կատարել, սպառնալ մարդկանց: 168.am-ը Քրեակատարողական ծառայությունից փորձեց իմանալ, թե որտեղի՞ց Իսախանյանի մոտ հեռախոս:
«Իր մոտ չկա հեռախոս»,- մեր հարցին պատասխանեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Ամիսներ առաջ չնախատեսված խուզարկություն է տեղի ունեցել: Խուզարկության արդյունքում առգրավվել է հեռախոս»,- հավելեց Նավիկյանը:
Ու չնայած Նավիկյանի վստահությանը, որ Իսախանյանի մոտ հեռախոս չկա, մոտ 6 ժամ առաջ Աշոտ Իսախանյանը Ֆեյսբուքում կրկին հրապարակում է արել:
«Եթե իր մոտ հեռախոս չկա, ապա ինչպե՞ս նա կարող էր ֆեյսբուքյան էջ ունենալ, առավել ևս՝ ինտերնետ ունենալ»,- 168.am-ին ասաց Նավիկյանը:
Նա անգամ կասկածներ ունի, թե արդյո՞ք այդ էջը պատկանում է բանտարկյալին:
«Բայց դուք համոզվա՞ծ եք, որ ինքն է: Դա ի՞ր ֆեյսբուքյան էջն է: Որքանո՞վ եք դուք համոզված»,- 168.am-ի հարցին հարցով պատասխանեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը:
Gepostet von Աշոտ Իսախանյան am Dienstag, 22. Oktober 2019
Երեկ փորձեցինք այս մասին տեղեկություն ստանալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը ողջունում է վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներից արգելված իրերի հաճախակի հայտնաբերման փաստը ու դա համարում է կոռուպցիան արմատախիլ անելու դեմ պայքար:
Ըստ Բադասյանի՝ դեպքի մասին ինքը մեզանից իմացավ՝ նշելով, որ կտեղեկանա մանրամասներին և հանձնարարականներ կտա: Արդարադատության նախարարի հանձնարարականները Քրեակատարողական ծառայություն չեն հասել:
Հոկտեմբերի 22-ին մեծ շուքով նշվեց ԱՆ Քրեակատարողական ծառայության 100-ամյակը, կազմակերպվել էր հանդիսավոր նիստ: Բայց նիստին Քրեակատարողական ծառայության նախկին պետերից ոչ ոք հրավիրված չէր: Քրեակատարողական ծառայությունը չի մեկնաբանում, թե 100-ամյակի միջոցառմանն ինչո՞ւ հրավիրված չէին ծառայության նախկին պետերը:
«Մեկնաբանություններ չեմ տալիս այդ հարցով»,- 168.am-ին ասաց ՔԿԾ բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ