«Էյֆորիան չի կարող հավերժ լինել, այն մի օր մարելու է». Ալեքսանդր Իսկանդարյան

«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն՝ էլիտաների հերթափոխ: Նոր էլիտա է եկել հների փոխարեն: Նոր մարդիկ ազատվում են հին մարդկանցից: Ազատվելու ձևերն էլ տարբեր են: Երբեմն նրանց սպանում են, երբեմն՝ բանտարկում, երբեմն՝ ավելի թույլ գործելաոճ են կիրառում նրանց նկատմամբ: Այս նորերը սկսում են գրավել հների թողած իշխանությունը: Սկզբից՝ օրենսդիրը, հետո՝ գործադիրը, հետո պետք է գրավեին դատական իշխանությունը, հետո՝ մամուլը: Այլ հերթականություն կամ ընթա՞ցք էիք ակնկալում: Ես նման հեղափոխություն չգիտեմ: Դժվար է այլ բան սպասելը»,- Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի դեմ իշխանության գործելաոճի մասին խոսելիս նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, հեղափոխությանը բնորոշ գործընթաց է:

Նրան չի զարմացնում, որ իշխանությունները Հրայր Թովմասյանից ազատվելու քայլեր սկսել են ձեռնարկել ընդամենը մեկ-երկու ամիս առաջ: Ըստ Իսկանդարյանի՝ Հրայր Թովմասյանից ազատվելու ու Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար իշխանությանը գործիքներ էին անհրաժեշտ: Ու այսօր այդ գործիքներն արդեն կան:

«Բայց անցել է մեկ ու կես տարի, ու հանրության աջակցության մակարդակը իջել է: Էյֆորիան չի կարող հավերժ լինել: Էյֆորիան մի օր մարելու է: Ու այդ գործիքները այսօր այնպես չեն աշխատում, ինչպես աշխատում էին մեկ ու կես տարի առաջ: Եթե, օրինակ, հիմա փորձեն 500.000 մարդ հավաքել, վստահ եմ, որ մարդիկ չեն հավաքվի, իրավիճակը այլ կլինի: Դրա համար գործելաոճ է պետք փոխել, որովհետև գործիքները այլևս չեն բավարարում: Հենց դրա համար սկսել են Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող քայլերը»,- ասաց Իսկանդարյանը:

Կարդացեք նաև

Ըստ Քքղաքագետի՝ այդ էյֆորիան վերականգնելու համար իշխանությունն այսօր գնում է աղմկահարույց ձերբակալությունների ճանապարհով:

«Մարդկանց մեծ մասը չի հավատում, որ Հայաստանը վաղը սկսելու է ծաղկել: Իսկ մարդկանց ինչ-որ բան է պետք տալ: Ձերբակալությունները հանրությանը տրվող բաներից մեկն է: Բայց մի օր սա էլ է սկսելու չաշխատել»,- նկատեց քաղաքագետը:

Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացներում Իսկանդարյանը քաղաքական բաղադրիչներ է տեսնում:

«Պետք չէր, որ Ավինյանը հայտարարեր, որ Սահմանադրական դատարանում իրենք քաղաքական հարց են լուծում: Դա բոլորին է հայտնի: Ի՞նչ է՝ կարծում եք՝ սա պատահական համընկնո՞ւմ էր: Եթե հեղափոխություն չլիներ, իշխանության չգար Նիկոլ Փաշինյանը, ոչ ոքի չէր հետաքրքրի այն, թե ինչպես է Հրայր Թովմասյանի հայրը տանիքը վերանորոգել: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ քաղաքական բաղադրիչ կա, ու, մեղմ ասած, այն բավական էական է»,- ասաց Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Հրայր Թովմասյանը 2 տարբերակ ուներ: Նա կա՛մ պետք է ամբողջությամբ հնազանդվեր Նիկոլ Փաշինյանին, կա՛մ պետք է հայտնվեր նշանակետում:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի հնազանդվել, իշխանությունն էլ չի կարողացել գտնել անհրաժեշտ իրավական միջոցները Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, հետևաբար՝ փորձում է հասնել նրան, որ Թովմասյանն ինքը հրաժարական տա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս