«Հայաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար ավելի ու ավելի վատ է դառնում». Ցիգանոկ

«168 Ժամի» զրուցակիցն է ՌԴ Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

– Պարոն Ցիգանոկ, օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել, որի արդյունքում Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է ակտիվ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել է, թե հրադադարի մասին դեռևս խոսք չկա: Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում Սիրիայում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների և պայմանավորվածությունների ֆոնին:

– Իրավիճակը երկակի է, և միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ Մերձավոր Արևելքում հարաբերությունների շատ բարդ համակարգ է գործում: Թուրքիան սկսեց իր ռազմական օպերացիան, այն դատապարտեցին ԵՄ երկրները, Վաշինգտոնը և մի շարք այլ երկրներ, սակայն մինչ դա եղել էին որոշակի պայմանավորվածություններ նման գործողության համար: Ակնհայտ է, որ մեծ հաշվով Թուրքիան ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, նա անընդհատ մանևրում է, փորձում նստել «երկու աթոռի» վրա: Հենց այդ պատճառով մենք այն տպավորությունն ենք ստանում, ինչը ներկայումս կա՝ մեկ Թուրքիան գրոհում է, առաջ է գնում, մեկ նահանջում արևմտյան ճնշումների և սպառնալիքների ներքո: Սակայն ես անձամբ այն կարծիքին եմ, որ իրականում Թուրքիան իր սեփական ծրագիրն է իրականացնելու:

Էրդողանը ցանկանում է Սիրիայի կողմում 20 կիլոմետր տարածքի ներգրավմամբ անվտանգության գոտի ստեղծել, և նա այդ ծրագիրն իրականացնելու է, թեև այստեղ իրավիճակը հետաքրքրական է, քանի որ վերջերս Թուրքիան ասաց, որ ցանկանում է միանալ ՇՀԿ-ին, շատ հետաքրքրական է իրավիճակը՝ ինչպե՞ս կաջակցի Ռուսաստանը, Չինաստանը: Սիրիան սահմանային իրավիճակում է՝ կա՛մ կշարունակի իր վերջնարդյունքին հասցնել նպատակը, կա՛մ միջազգային հանրությունը կկարողանա կանգնեցնել Թուրքիային: Կարծում եմ՝ զգուշորեն, բայց Թուրքիան իր գործը կշարունակի:

Թուրքիայի քայլերը ճշգրիտ կանխատեսելը բարդ է, քանի որ Թուրքիայի հետագա քայլերը պայմանավորված են Մոսկվայի, Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններով, Եվրոպայի հետ հարաբերություններով: Պարոն Էրդողանը բավական խորամանկ քաղաքական գործիչ է, ցանկանում է բոլորին դուր գալ, բայց այդ ընթացքում լուծում է իր գլխավոր խնդիրը:

Այն, որ Թուրքիան նպատակ ունի իր սահմանները մեծացնել 20 կիլոմետրով՝ անկասկած է, անկախ այդ ամենից՝ նա իր սեփական խնդիրն է լուծում ներկայումս, հատկապես, երբ քրդերն աջակցում են և աջակցություն են ստանում սիրիական զորքերից, առավել ևս, երբ ամերիկացիներին կորցրել են և թեքվել են դեպի Ռուսաստան: Առաջիկա օրերին, դեռ կարծում եմ, որ այս սահմանային իրավիճակը շարունակվելու է:

– Արևմուտքի ինչպիսի՞ ճնշումները կարող են կանգնեցնել Թուրքիային:

– Կարծում եմ՝ տնտեսական պատժամիջոցները վախեցնում են Թուրքիային, հենց այդ պատճառով Թուրքիան իր նպատակին փորձում է հասնել անընդհատ պայմանավորվելով Միացյալ Նահանգների հետ՝ զուգահեռաբար փորձելով իրավիճակներից քաղել առավելագույնը: Այնուամենայնիվ, այն պայմանավորվածությունը, որից խոսեցիք, ուշագրավ է, սակայն չեմ կարծում, որ այն այս փուլը կանգնեցնող պայմանավորվածություն է դառնալու: Թուրքիան հայտարարում է, որ բոլոր քրդերը պետք է հեռանան իր նախանշած անվտանգության գոտուց, ինչը նշանակում է, որ պայմանավորվածություններով գուցե փորձի իր խնդիրը լուծել: Կարծում եմ՝ պրոցեսները եռում են, և միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ: Դեռ պետք է հետևենք:

– Սիրիական իրադարձությունների ֆոնին ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում ԼՂ հակամարտության գոտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավելով Թուրքիային՝ Ադրբեջանը վերջին շրջանում էականորեն սրել է հռետորաբանությունն այս թեմայի ուղղությամբ:

– Ես չեմ կարծում, որ կլինեն դրամատիկ զարգացումներ Ղարաբաղյան գոտում: Ադրբեջանն աջակցում է Թուրքիային Մերձավոր Արևելքում, բայց չի խախտի հրադադարը լայնածավալ կերպով Ղարաբաղի հետ շփման գծում: Իրավիճակն այնպիսին է, որ Էրդողանի համար Ադրբեջանի խնդիրները, անկախ նրա հրապարակային անդրադարձներից, առաջնահերթություն չեն, Ադրբեջանի համար ժամանակ ու ռեսուրս չկա, իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը չի կարողանա խախտել հրադադարի ռեժիմը: Իսկ հռետորաբանությունը սրվում է բանակցային սեղանին արդյունքների բացակայության պատճառով: Հռետորաբանությունը գործիք է այս դեպքում, և ոչ՝ որպես մոտ ապագայի ծրագրերի հանրայնացում:

– 2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ռազմական պաշտպանության ծախսերն այսօրվա 18,2%-ից նվազեցնել 16,1%-ի: Սա որքանո՞վ է նպատակահարմար, եթե հաշվի առնենք պատերազմի սպառնալիքը, զուգահեռաբար՝ Ադրբեջանի աճող ռազմական բյուջեն:

– Դա, իհարկե, անհանգստացնող է չկարգավորված հակամարտության առկայության պարագայում: Բայց ինձ համար առավել անհանգստացնող այլ հանգամանքներ կան, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգությանը: Հարցն այն է, որ ՀՀ ներկայիս կառավարությունում այնպիսի գործիչներ են, որոնք կա՛մ նախկինում են ակտիվորեն համագործակցել Վաշինգտոնի հետ, կա՛մ ներկայումս:

Եվ երբ Հայաստանում բարձրանում է հարցը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա չպետք է լինի, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը լուծում է ամերիկացիների խնդիրը, քանի որ ամերիկացիները կարծում են, որ ռուսական ռազմաբազա չպետք է լինի Հայաստանում, ինչը Հայաստանի համար ծայրաստիճան վատ է: Որքան էլ մարտահրավերային է, Հայաստանը պետք է բարեկամություն անի Ռուսաստանի և Իրանի հետ: Ինձ անհանգստացնում է, որ արևմտյան ուղղության մեջ են, սա մտահոգիչ է:

– Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ Հայաստանը չի փոխելու իր արտաքին քաղաքական վեկտորները: Դուք փոփոխություն  նկատո՞ւմ եք, ի՞նչն է այդ փոփոխության ապացույցը:

– Հայաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար ավելի ու ավելի վատ է դառնում, ինչ խոսակցություն էլ որ լինի պաշտոնական մակարդակում: Միտումները հօգուտ Ռուսաստանի չեն, գործընթացների մասին է խոսքը: Բնականաբար, սա հօգուտ երկկողմ համագործակցության ու անվտանգային հարաբերությունների չէ:

Տեսանյութեր

Լրահոս