«Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումն ուղղվում է հայերիս դեմ». Արթուր Խաչատրյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը.
– Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 5-րդ հոդվածների սկզբունքներին: Արդյոք Կոստանյանի այս շեշտադրումը կարո՞ղ է իշխող քաղաքական ուժի՝ Հրայր Թովմասյանից ազատվելու քայլերի մեջ բեկում մտցնել։
– Այս գործը փորձ է արվում ներկայացնել զուտ որպես իրավական խնդիր, սակայն այն քաղաքական է. կայացվել է մարդուց ազատվելու քաղաքական որոշում, որից հետո նոր փորձում են այդ որոշմանն իրավական փաթեթավորում տալ։ Այստեղ միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ. եկեք հիշենք, թե ինչպես դատավորը կայացրեց քաղաքական իշխանությունների քիմքին ոչ հաճելի որոշում, հանկարծ պարզվեց, որ իր ատենախոսության մեջ խնդիր կա. ստացվում է՝ տասնյակ-հազարավոր ատենախոսությունների մեջ հենց այդ ատենախոսությունը խնդիր ունի։ Մեկ այլ դատավոր էլ կայացնում է իշխանության համար է՛լ ավելի տհաճ որոշում, և հանկարծ պարզվում է, որ փետրվար ամսին արձանագրություն է գրվել, որի մեջ կեղծիք կա։
Գիտե՛ք, այնպիսի տպավորություն է, որ՝ հանցագործին գտել են և հիմա փորձում են ճիշտ հոդված կարել, բայց պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանի կողմից իրենց դիմումը վարույթ չընդունելուց հետո մի տեսակ պասիվություն եմ նկատում։
– Այո՛, պասիվություն նկատելի է, բայց իշխող քաղաքական ուժը հավաստիացնում է, որ Հրար Թովմասյանից ազատվելու պահեստային տարբերակներ իրենք ունեն: Մինչև ո՞ւր կարող են հասնել այդ տարբերակներով։
– Կարծում եմ՝ բարոյական ճնշումը կշատանա։
– Գնահատականներ են հնչում, որ իշխանությունը՝ արդարադատության համակարգի բարեփոխման անվան տակ, գնում է սեփական դատական իշխանության ստեղծմանը։
– Բնականաբար, այդպես էլ կա. ցանկացած երկրի կայունության և զարգացման գրավականներից մեկն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախությունն է։ Փոխանակ իշխանությունները քայլեր ձեռնարկեն, իրոք, անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ, գնում են դատական համակարգն իրենց ենթարկեցնելու ուղղությամբ։
– Բայց իշխանությունը վստահեցնում է, որ գնում է անկախ դատական համակարգի ձևավորման՝ պատճառաբանելով, որ ներկայիս գործողը չի արտահայտում ժողովրդի կամքը։
– Ասելը քիչ է, ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի կամքը։ Հիմա, եթե չորս տարի հետո ընտրություններ լինեն, և հաղթի, ենթադրենք, այլ կուսակցություն, ի՞նչ պետք է անեն, պետք է դատարաններին ասեն՝ չե՞ք արտահայտում ժողովրդի կամքը: Ի՞նչ է՝ անընդհատ պետք է Սահմանադրական դատարանի կազմ փոխե՞նք։
– Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, քննարկվելու է 2020 թվականի բյուջեի նախագիծը, որում պաշտպանության ծախսերին հատկացված գումարն ավելացել է ընդամենը 0.8 տոկոսով (այդ թվում՝ ռազմարդյունաբերության բյուջեն), մինչդեռ Ադրբեջանի 2020 բյուջեի նախագծում ռազմական ծախսերն ավելացել են 21 տոկոսով։
–Ադրբեջանի այդ քայլը չի կարող մեզ չանհանգստացնել, Ադրբեջանի այս ռազմական պոտենցիալի աճը խորհելու տեղիք է տալիս, որովհետև այն ուղղվում է մեր դեմ։ Այս պայմաններում, երբ մենք տեսնում ենք Ադրբեջանի ռազմական աճը, պետք է բոլորս միավորվենք, արտաքին վտանգը ակնհայտ է։ Բռունցքվելու խնդիր ունենք, բայց մեզ մոտ շարունակվում է սևի և սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանումը։
– Կառավարությունը 2019 թվականը հայտարարել է տնտեսական հեղափոխության տարի: Արդյո՞ք հեղափոխական է 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որ դրված է 2020-ին բյուջեի նախագծում։
– Իհա՛րկե ոչ. դրա համար ներդրումներ են պետք։
– Իսկ հնարավո՞ր է իրականացնել ներդրում մի երկրում, որտեղ խոսվում է բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխության և առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին։
– Ո՛չ, այս տարի անգամ նոր ներդրումներ չկան, իսկ եղածները նախորդների ժամանակ եկած ներդումներն են, որոնք իրականացվել են այժմ։ Օրինակ, Մարալիկում բացվեց բամբակի, իսկ Գյումրիում՝ այլ կարի ֆաբրիկաներ: Դրանք հների շարունակությունն են, նոր ներդրումներ չկան։
Որևէ ներդրում չի գա մի երկիր, որտեղ կա մշտական հեղափոխական մթնոլորտ. էստեղ որևէ մեկը փող չի դնի։
– ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18.991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 534 միավորով. Ստացվում է՝ մի կողմից՝ ունենք հաստիքների կրճատման խոստում, մյուս կողմից՝ ավելացվող հաստիքներ։
– Դա Կառավարության տնտեսական քաղաքականության բացակայության մի դրվագ է. Կառավարությունն անցած տարի խոսում էր 100 հազար ձրիակերների մասին, իսկ այս տարի ունենք հաստիքների ավելացում։ Իշխանությունը տնտեսական քաղաքականության մեջ դեռ իրեն չի գտել։ Տեսեք, տնտեսության մեջ որևէ մոնոպոլիա չի կազմաքանդվել, իսկ նախկին օլիգարխները դարձել են խոշոր սեփականատերեր։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ