«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Օսկարակիր դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին կմնա Հանձնաժողովի պատվավոր համանախագահ՝ խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցի հետ: Այս մասին հայտարարվել է առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում, որն անցկացվում է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում:
Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել 2017թ. սեպտեմբերին: Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է, որը նաև ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը:
Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի և Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության և վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, ավելի ուշ դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում: 2016թ. հունվարին արժանացել է «Հանուն արժանիքների» պարգևի:
«Սա մեծ պատիվ է և պատասխանատվություն: Երախտապարտ եմ ու ոգևորված, որ շարունակում եմ աշխատանքս Ընտրող հանձնաժողովի իմ գործընկերների հետ այս նոր կարգավիճակում: «Ավրորայի» բացառիկ հերոսները ճանաչման համար չէ, որ անում են իրենց աշխատանքը: Այլոց փրկելու համար նրանք վտանգում են սեփական կյանքը, որովհետև այլ կերպ չեն կարող: Դա նրանց էությունն է: Բայց ճանաչումը և իրազեկումը ևս չափազանց կարևոր է՝ մարդկանց վստահություն ներշնչելու և ոգեշնչելու համար, որպեսզի միանան համաշխարհային այս շարժմանը: «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ձեր ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին:
Պրոֆեսոր Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտը ղեկավարելու միջոցով օգնում է առողջապահական համակարգերի ձևավորմանն ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը: Մինչ օրս նա 1000-ից ավելի հետազոտությունների հեղինակ է, աշխարհում գլոբալ առողջապահական քաղաքականության և նորարարության ոլորտում՝ հեղինակավոր առաջնորդ:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին: