«Քաղցած ռեժիմով մսխում են բյուջեն». Բոստանջյանը՝ 48 միլիոնն առանց մրցույթի տալու և պետությունը զոհելու մասին
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակում ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 48.9 միլիոն դրամ է հատկացրել՝ ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների մատուցման համար։
Կառավարության ընդունած որոշման այս նախագծում գրված է, որ հաշվի առնելով այս ռազմավարության իրականացման համար նախատեսված միջոցառումների ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը՝ գնման առարկայի համար գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը։
Այսինքն, Կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միջոցառման իրականացման համար մրցույթ չի հայտարարել, որ գումարը հասցնի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած այն ընկերությանը, որը կներկայացնի ամենացածր գինը։
Կառավարությունը որոշել է, որ առանց մրցույթի գործը գլուխ կբերի մեկ ընկերություն և այդ մեկը «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի տնօրենն Արմեն Մարտիրոսյանն է։
Հետաքրքրական է, որ այդ ցուցապաստառների վրա ֆլեշմոբի տրամաբանությամբ արտատպվում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտնի միտքը ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։
Ի դեպ, նշենք, որ այս պաստառներից արդեն հայտնվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում։
Հայերենով այս ֆլեշմոբի անհետաձգելիությունը, իհարկե, անհասկանալի է բուհերում հայոց լեզվի ժամերը կրճատելու ցանկության համատեքստում, սակայն տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համար սարսափելի է այն, որ «քաղցած ռեժիմով այս իշխանությունը մսխում է պետականության ամբողջ սերուցքը, որը շատ ցցուն երևում է պետական բյուջեից»։
«Խոսքը ոչ միայն առանց մրցույթի գնման գործընթաց կազմակերպելու մասին է, այլ նրա, որ Փաշինյանն ինչ ասել է, դրա մասին պետք է մոռանանք։ Ի՞նչ 48 միլիոնի մասին է խոսքը, երբ մենք տեսնում ենք շատ աղքատ երկրում պաշտոնյաների անընդհատ շրջագայություններ, թանկ ինքնաթիռներ, և այլն։ Այսպես մենք գնալու ենք այնքան, մինչև պեությունը զոհվի, իսկ այդ ժամանակ բոլոր «Պողոսները» կուրախանան»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս իշխանությանը նման գործելաոճի համար, ցավալի է, որ քննադատող չկա, որովհետև բոլորը վախեցած են։
«Երկիրը գահավիժում է, հայոց լեզուն, գրականությունը դուրս են մղվում բուհերից, էս ի՞նչ ա կատարվում, էս ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»,- խոսքը եզրափակեց Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ առանց մրցույթ հայտարարելու գնում Կառավարությունն իրականացրել էր նաև Անկախության 28-ամյա միջոառումների համար՝ այդ նպատակով 222 միլիոն դրամ հատկացնելով մեկ ընկերության՝ արդեն, սակայն, ոչ թե ծառայությունների անհետաձգելիության, այլ բոլորովին այլ պատճառաբանությամբ.
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մեկ անձից գնում կազմակերպելու համար որպես հիմնավորում՝ նշել էր.
«Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա կկորցնեինք դրա կառավարման օղակները։ Այսինքն՝ վերահսկելի չէին լինի միջոցառման թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային հատվածը։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ միջոցառման ընթացքն ու ակնկալվող արդյունքը պետք է լինեն կանխատեսելի։ Մրցույթի կազմակերպման պարագայում բազմաթիվ կազմակերպություններ կարող են ներկայացնել պահանջվող որակավորող փաստաթղթերը, և ընթացակարգով նրանցից յուրաքանչյուրը կարող էր ճանաչվել հաղթող՝ դե ֆակտո չունենալով փորձ և տեխնիկական զինվածություն»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ