«Կեղծ խաղաղասիրական միտումները Հայաստանի անվտանգության համար ամենամեծ ներքին սպառնալիքներից են». Ռուբեն Մելքոնյան

«Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից ու փոխանցումը Հայաստանին մասնատել է Մեծ Թյուրքական աշխարհն աշխարհագրական տեսանկյունից»,- այս մասին օրերս Բաքվում Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, թե Հայաստանը քանդում է ադրբեջանական մշակութային ժառանգությունն իր տարածքում։

Իր հերթին՝ նույն միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ կանեն հնարավորը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը, նշել է, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթյուրքիստական շեշտադրումներով:

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ այս ամենն ընդգծում է տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Զանգեզուրը ոչ թե փոխանցվել է Հայաստանին, այլ հայկական բնօրրան Զանգեզուրը հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ և Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ կարողացել է դիմադրել ու պահպանել իր անկախությունը:

Նրա խոսքով՝ դրա վկայությունն են Զանգեզուրի այն հերոսամարտերը, որոնք տեղի են ունեցել, և որոնց արդյունքում ստեղծված վիճակում Զանգեզուրը դարձել է Խորհրդային Հայաստանի մի մասը:

«Այսինքն՝ սա նաև Գարեգին Նժդեհի մեծագույն ավանդն է հայ ժողովրդի պատմության մեջ: Պանթյուրքիստական տարբեր ծրագրերում Զանգեզուրը համարվում է ռազմավարական վայր, և ամենևին պատահական չէ, որ Գարեգին Նժդեհը մինչև հիմա էլ տարբեր պանթյուրքիստական շրջանակների կողմից համարվում է կարևոր թշնամի, քանի որ նրա գործունեության հետևանքներն իրենց ծրագրերի ձախողմանն են հանգեցրել, և, բնականաբար, Ալիևի ելույթը տեղավորվում է պանթյուրքիստական շեշտադրումների մեջ, որոնք մի քանի տասնամյակ շարունակ կրկնվել են: Զարմանալի է, որ 21-րդ դարում Ադրբեջանի ղեկավարը շարունակում է կառչած մնալ պանթյուրքիստական այդ գաղափարներին: Մի կողմից՝ զարմանալի է, մյուս կողմից էլ՝ տրամաբանական, որ այնպիսի բռնապետական երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, ուր ժողովրդավարության հետքն անգամ չկա, և այնպիսի ղեկավար, ինչպիսին Ալիևն է, որը բացահայտ ռասիզմի և ազգամիջյան թշնամանքի հրահրող է, ըստ էության նման ելույթ, նման գնահատական է հնչեցնում, ինչը սպասելի էր:

Բայց ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, համապատասխան միջազգային կառույցները պետք է գնահատական տան սրան, որովհետև Ալիևի հայտարարությունը ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, և միջազգային ժողովրդավարական, այսպես կոչված, չափորոշիչների մասին անընդհատ խոսող շրջանակները պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն՝ որակելով այն որպես ռասիզմ, որպես միջազգային չափորոշիչների ոտնահարում»,- նման կարծիք հայտնեց թուրքագետը:

Նա նշեց, որ պանթյուրքիստական վտանգը, որը միշտ եղել է, այսօր էլ շարունակում է մնալ ակտուալ: Մելքոնյանի համոզմամբ՝ թյուր են այն կարծիքները, որ 21-րդ դարում փոխվել է Թուրքիա պետության և թուրքական հասարակության մոտեցումները ՀՀ-ի նկատմամբ, և թյուր են այն կարծիքները, որ ադրբեջանական բռնապետությունն իր հասարակությանը կարող է տրամադրել հաշտության:

Ընդհակառակը, ըստ վերլուծաբանի՝ երկու պետություններում էլ տեղի են ունենում հասարակությունների էլ ավելի ծայրահեղականացում, և դա արվում է պետական մակարդակով:

«Այս պայմաններում կեղծ խաղաղասիրական կարգախոսները և կեղծ խաղաղասիրական միտումները, որ երևում են Հայաստանում և հովանավորվում որոշ շրջանակների կողմից, ըստ էության նաև ամենամեծ ներքին սպառնալիքներից են Հայաստանի անվտանգության համար: Մենք պետք է ճիշտ գնահատենք և մենք պետք է մեր հասարակությանը ճիշտ ներկայացնենք, որովհետև չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել՝ մտածելով, որ մեզ շրջապատող երկու պետությունները փոխել են իրենց մոտեցումները, և պետք է մեր հասարակությանն էլ համարժեք պատրաստել, ներկայացնել իրականությունը:

Այստեղ մասնագետներն իրենց անելիքներն ունեն, և արևելագետները միշտ բարձրաձայնում են այն վտանգների մասին, բայց պետք է այստեղ հասարակական մոբիլիզացիա, որովհետև մեր հասարակության զգոնության թուլացնելը ամենամեծ չարիքն է, ամենամեծ վատությունն է, որ կարող են անել այս երկրին, այս հասարակությանը, և պատահական չէ, որ տարբեր գրանտային ծրագրեր միտված են կեղծ խաղաղասիրական նպատակներին՝ իրենց թիրախում ուղղակի կամ անուղղակի ունենալով մեր հասարակության զգոնության թուլացումը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում Թուրքիան շարունակում է հետապնդել ծավալապաշտական իր նկրտումները:

Ըստ նրա՝ սիրիական տարբեր տարածքներ նույն պանթյուրքիստական, ազգայնամոլական շրջանակների համար միշտ եղել են թիրախ: «Անցյալ դարի ընթացքում Սիրիայի որոշ շրջաններ զավթվել են, բռնակցվել Թուրքիային, այսօր նույնպես դե ֆակտո որոշ սիրիական շրջաններ գտնվում են թուրքական վերահսկողության ներքո, և այն, ինչ ներկայումս կատարվում է Սիրիայում, դրա շարունակականության դրսևորումն է, ինչն ուղղակի ցույց է տալիս, որ Թուրքիան ապակառուցողական երկրիր է տարածաշրջանում, խաղաղությունը ոտնահարող երկիր է և սպառնալիք է տարածաշրջանային բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Ուստի մենք մեր անվտանգության համապատասխան մեխանիզմներին, որոնք մշակված են, հենված են նաև տարբեր դաշնակցային հարաբերությունների վրա, պետք է շատ լուրջ մոտենանք: Պոպուլիստական հայտարարությունները, այսրոպեական շահերը չպետք է գերակայող լինեն մեր երկրի համար անվտանգային կարևոր նպատակներից: Սիրիական դեպքերը թուրքական պետության իրական գործելակերպի ու մտածելակերպի շատ ցայտուն օրինակն են»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս