«Հակառակ Ադրբեջանի քաղաքականությանը՝ Արցախի բարեկամները նույնիսկ ուրախանում են, որ հայտնվում են ադրբեջանական «սև ցուցակում»»

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը։ Ի սկզբանե նախատեսված է եղել համաժողովն անցկացնել անցյալ տարի Բրյուսելում, սակայն տարբեր պատճառներով այն չի կայացել։

Համաժողովը կազմակերպել են Արցախի արտաքին գործերի նախարարությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը նշեց, որ Արցախ էին ժամանել մոտավորապես 150 պատվիրակներ, որոնց մի մասը ՀԴԴ հանձնախմբերի, գրասենյակների ներկայացուցիչներ են եղել։

«Համաժողովին մասնակցել են 30 երկրներից Արցախի բարեկամներ, կարևոր երևույթներից մեկը Իրաքից եկած պատվիրակության մասնակցությունն էր։ Ճիշտ է, այնտեղ չկար Արցախի բարեկամների մեծ շրջանակ, բայց, փաստորեն, այս մասնակցությունը հաստատում է դրա նախադրյալները։ Միացյալ Նահագներից 8 կոնգրեսականներ տեսաուղերձ էին ուղարկել համաժողովին, ամենամեծ պատվիրակությունները եկել էին Բելգիայից և Ֆրանսիայից, այդ թվում՝ Կոստա Ռիկայից, Կոլումբիայից»,- նշեց Կիրո Մանոյանը։

Ըստ նրա՝ համաժողովին հաջորդող օրը տարբեր հանդիպումներ են եղել պատվիրակների հետ, որոնք Արցախի տարբեր բնակավայրերի հետ ունեն համագործակցության հռչակագրեր, պատվիրակներն այցելել են նաև այդ բնակավայրերը։

Հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի նախարարի և ԱԺ խմբակցությունների հետ։

«Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ Արցախի բարեկամներին ցույց տրվեր, որ աշխարհում իրենք միայնակ չեն՝ հակառակ Ադրբեջանի քաղաքականությանը՝ մի կողմից՝ Արցախին մեկուսացնելու, մյուս կողմից՝ Արցախի բարեկամներին պատժելու քայլերին։ Դրանք որևէ ազդեցություն չունեն:  Օրինակ՝ Կանադայի պատվիրակներից մեկն ասում էր, որ նույնիսկ հպարտ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այժմ մնում է, որ այդ պատվիրակությունները կարողանան իրենց երկրներում ևս աշխատանքներն ակտիվացնել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս