«Սա Հայաստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանն է». թուրքագետը՝ սիրիական թնջուկի, ռուս-թուրքական մերձեցման մասին

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունը սկսելու մասին: Թուրքական բանակը և օդուժը ռմբահարում և հրետակոծում են քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանը:

Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է՝ «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Ինչպես կընթանա թուրքական օպերացիան՝ կմնա՞ արդյոք  նախապես հայտարարված և համաձայնեցված նպատակների շրջանակում, այս օպերացիայի համար ինչպիսի համաձայնություններ են գործել սիրիական խաղացողների միջև և ինչու: Այս և այլ հարցերի «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում պատասխանեց թուրքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Հայկ Գաբրիելյանը:

«Թուրքիայի նպատակը շատ պարզ է. վերահսկել արդեն Եփրատ գետից արևելք ընկած հատվածում որոշակի հատվածներ և դրանով հուսալի պատնեշ ստեղծել կամ սեպ խրել Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև, ինչն ամենակարևորն է այսօր թուրքական իշխանությունների համար»,- ասաց Հայկ Գաբրիելյանը:

Թուրքիայի այս գործողությունները, ըստ թուրքագետի՝ համաձայնեցված են ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ. «Ռուսաստանը կանաչ լույս է վառել Թուրքիայի համար, առաջին հերթին՝ նրա համար, որ Սիրիայի քրդերը հիասթափվեն ԱՄՆ-ից, տեսնեն, որ ԱՄՆ-ը հուսալի դաշնակից չէ, և այս օրինակը պետք է դաս լինի ընդհանրապես բոլորի համար: Այս օպերացիան արվում է նրա համար, որ Սիրիայի քրդերը Թուրքիայից ահաբեկված և ԱՄՆ-ից հիասթափված՝ իրենց վերահսկած տարածքները հանձնեն Բաշար Ասադին: Թե ԱՄՆ-ի հետ ինչպես է համաձայնեցված, դա ավելի շատ ամերիկագետի մեկնաբանության դաշտում է: Թրամփը նախ՝ այդքան էլ Սիրիան չի համարում ԱՄՆ շահերի գոտի, համարում է, որ Օբամայի սխալներն են այդտեղ, որ ԱՄՆ-ը ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայում ու ընդհանրապես այդ խնդրի մասնակից է դարձել, և նա մի քանի ամիս առաջ էր դեռ հայտարարել, որ ԱՄՆ զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայից: Թրամփը կարծում է, որ որքան կոշտ քայլեր ձեռնարկի Թուրքիայի ուղղությամբ, այնքան Թուրքիային ավելի է վանում ԱՄՆ-ից և մղում է դեպի Ռուսաստան, ինչը ցանկալի չէ նրա համար: Հիմա գործողությունն իրականացվում է, ընթացքի մեջ է, արդեն թուրքական զորքը հաջողության հասել է, հատկապես՝ հաշվի առնելով թուրքական կողմից օդուժի և ծանր հրետանու մասնակցությունը»:

Հայկ Գաբրիելյանը Սիրիայում տեղի ունեցողը որակում է՝ որպես տարածաշրջանի 3 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հաղթանակ. «Այս երեք պետությունները տակտիկական մերձեցման մեջ են մտել միմյանց հետ, որովհետև այս երկրներին միավորում է միանգամից մի քանի կարևոր ընդհանրություն. նախ՝ երեք երկրում էլ գործում են ավտորիտար վարչակարգեր, երեք երկրում էլ կա որոշակի նեղացվածություն Արևմուտքից՝ կապված մարդու իրավունքների հետ, երեքն էլ Արևմտյան պատժամիջոցների տակ են, երեքն էլ նախկինում եղել են կայսրություններ և հիմա առնվազն ցանկանում են իրենց ազդեցությունը վերականգնել: Եվ ամենակարևորը՝ երեք երկրներն էլ համարում են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից, և արտատարածաշրջանային երկրները, օրինակ՝ ԱՄՆ-ը, այնտեղ անելիք չունի»:

Թուրքագետը մտավախություն ունի, որ, եթե Սիրիայի հարցն այսպես է լուծվում՝ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից, հարցը կարգավորում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ապա սա կարող է այդ երկրների համար ոգևորիչ լինել նաև արցախյան հիմնախնդրի լուծման հարցում. «Նախկինում մենք նրանցից լսել ենք այդպիսի մոտեցում արցախյան հիմնախնդրի հարցով, և ես մտահոգություն ունեմ, որ սա կարող է ոգևորիչ լինել երեք երկրների և հատկապես՝ ՌԴ-ի և Թուրքիայի համար, որպեսզի Սիրիայի հարցը լուծելուց հետո իրենց հայացքը հառեն Հարավային Կովկասի տարածաշրջանին, արցախյան հիմնախնդին: Այսօր գոյություն չունեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, այսօր կան Պուտին-Էրդողան հարաբերություններ: Կան հարցեր, որոնցում պարզապես չեն համընկնում, ասենք՝ Թուրքիայի պետական և Էրդողանի անձնական շահը, նույնը՝ ՌԴ-ի և Պուտինի դեպքում:

Մենք գիտենք, որ Պուտինը 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ է որակել ԽՍՀՄ փլուզումը, չնայած նրան, որ նախորդ դարում երկու համաշխարհային պատերազմ է տեղի ունեցել, և նա անպայման ուզում է պատասխան հարված հասցնել՝ սկսել ՆԱՏՕ-ն փլուզելու գործընթաց, իսկ դա անելու ամենահարմար տարբերակը Թուրքիան է՝ Էրդողանը, որովհետև վերջին տարիներին Թուրքիան իսկապես դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը»:

Հայկ Գաբրիելյանն ընդգծեց՝ այս համատեքստում Հայաստանն ապրում է ամենաբարդ ժամանակաշրջանը, քանի դեռ, ըստ նրա՝ Թուրքիայի և ՌԴ-ի ղեկավարները Պուտինն ու Էրդողանն են. «Սա Հայաստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանն է: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով և անելիքներով շատ խոցելի վիճակում է այս առումով: Ի տարբերություն Թուրքիայի՝ նախորդ տարիներին մենք մեզ զրկել ենք այլընտրանք ունենալու հնարավորություն ցուցաբերելուց: Մենք տեսել ենք, որ որոշ հարցերում Թուրքիան դիմում է Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի օգնությանը և անընդհատ խաղարկում է նրանց միջև ծագած տարաձայնությունները: Մենք այդ առումով փոքր երկիր ենք, բայց պետք է ստեղծենք այլընտրանք՝ Ռուսաստանին: Բազմավեկտոր քաղաքականությունը պետք է զարգացնենք, տարածաշրջանի երկրների հետ եռակողմ կամ քառակողմ համագործակցության մեխանիզմներ մշակենք»:

Ամփոփելով Սիրիայում ընթացող գործողությունները, թուրքագետը նշեց, որ  թուրքական կողմը կբավարարվի 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտու» ձևավորմամբ.

«Մենք տեսնում ենք, որ Բաշար Ասադի բանակն արդեն ընդառաջ է շարժվում, ինչը, բնականաբար, արվում է Ռուսաստանի համաձայնությամբ, որը պետք է փորձի կանխել թուրք-սիրիական բախումները: Մանր ընդհարումներ գուցե լինեն, բայց գլոբալ բախում չեմ ակնկալում: Բաշար Ասադը որոշակիորեն կվերահսկի երկրի տարածքը, Թուրքիան՝ նույնպես: Իրանն էլ պետք է այնքանով գոհ լինի, որ Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, տարածքային ձեռքբերումները չեզոքացվում են, Բաշար Ասադը շարունակում է մնալ իշխանության ղեկին: Բայց մյուս կողմից էլ Իրանին ձեռնտու չէ թուրքական ազդեցության գոտու մեծացումը հենց նույն Սիրիայի հյուսիսում: Այնպես որ, որոշակի կոնսենսուս կա կողմերի միջև, և տարածաշրջանային երկրները որոշակիորեն գոհ են լինելու տեղի ունեցածից»:

Մանրամասները՝ «168 TV-ի» տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս