«Մենք դեռևս ԵԱՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել». ՀՀ էկոնոմիկայի նախարար
«2018-ին ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք մոտ 20 տոկոսով ավելի, քան 2017-ին: 2019-ի 8 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք 11 տոկոսով ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում` չնայած այն հանգամանքին, որ ապրանքների ընդհանուր արտահանումն աճել է 4.6 տոկոսով: Դա նշանակում է, որ մնացած ուղղություններով արտահանումը ոչ թե նվազել է, այլ ունեցել ենք ավելի ցածր աճ»,- 8 ամիսների աշխատանքն ամփոփող ասուլիսում այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը երկու հանգամանք առանձնացրեց՝ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ավելի շատ է արտահանում, և ծավալներն արագ են աճում հենց միասնական մաքսային միության ուժով, սակայն բոլոր խնդիրները չէ, որ լուծված են՝ կան նաև օբյեկտիվ սահմանափակումներ.
«Օրինակ՝ գիտեք՝ բիզնեսը հաճախ բարձրացնում է այն հարցը, թե ինչու ՀՀ արտահանողները Լարսի անցակետում պետք է ենթարկվեն նույն մաքսային զննման կանոններին, որին ենթարկվում են ցանկացած երրորդ անձից դեպի Ռուսաստան շարժվող մեքենաները: Եվ սա շատ զգայուն հարց է: Մենք դեռևս ԵԱՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել: Եվ այն ամբողջ օգուտները, որ կարող են լինել, դեռ առջևում են մասամբ, աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ արդեն ունեն համաձայնություն, ընկալում գործընկերների կողմից, որ պետք է մտածեն այն մեխանիզմների մասին, որոնք ապահովելու են, որ այդ ընթացակարգերը լինեն ավելի պարզեցված:
Զարուհի Դիլանյան